Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տ․ Միքիաս կըզգար, թե Ղուկաս էֆենտիի բոլոր հայտնությունները տիկին Կոկիկյանի մասին ճշմարտություններ էին, եթե ոչ, անշուշտ Լևոնի մայրը պիտի կատղեր, բողոքեր իր վրա տեղացած այդ անարգանքներուն դեմ, մինչ ընդհակառակը, ընկճված, սահմռկած մնացեր էր, առանց կարենալ բերանը բանալու։

− Աս ի՞նչ սարսափելի մարդ է, աս ի՞նչ փորձանք բերինք գլխներուս,– ըսավ վերջապես տիկին Անթառամ, ձեռքը ծունկին զարնելով։

− Այո, այս մարդն իր գաղափարեն չպիտի հրաժարի,– պատասխանեց Տ. Միքիաս,– հայտնի կտեսնվի կոր… Միայն թե դեռ հուսահատելիք բան չի կա, տակավին կրնանք հաջողիլ և մեր նպատակին հասնիր։

− Ինչպե՞ս, տեր հայր,– հարցուց Անթառամ հուսակտուր շեշտով մը։

− Մյուսյու Լևոնին միջոցավ… Հոս գալեն ետքը, եթե բոլոր այս անցած դարձածները իմանա, չեմ կարծեր որ տակավին համառի այս աղջկա հետ ամուսնանալ ուզելու, վերջապես, բնականաբար, մայրական իշխանություն մը ունիս իր վրա…

− Երթալեն ի վեր տակավին նամակ մը չգրեց,− դիտել տվավ Անթառամ։

− Ատ կարևորություն չունի,− վճռեց քահանան,− ճամփորդության մեջ, գործերով զբաղված, գուցե չէ կրցած ժամանակ գտնել… ատիկա ներելի բան մըն է… վերջապես, տիկին, պետք չէ, որ հուսահատինք․․․ առայժմ լուռ կկենանք, նոր գայթակղություններե կզգուշանանք, մանավանդ կաշխատինք, որ Ղուկաս էֆենտի բերանը կողպած պահե և ես վստահ եմ, որ այնքան ատեն, որ հույս ունենա աղջիկը մյուսյու Լևոնին հետ ամուսնացնելու, երբեք այդ ըսած խոսքերը ուրիշին չպիտի կրկնե… այս կպահանջե իր շահը, հետևաբար այդ կողմեն վախնալիք բան մը չունինք։

Այս ապահովիչ և հուսատու խոսքերուն վրա՝ Տ. Միքիաս ոտքի ելավ ու մեկնեցավ, խոստանալով կրկին այցելել։

ԳԼՈԻԽ Ժ

Ղուկաս էֆենտիի այս պատմական այցելութենեն երեք օր ետքը, հինգշաբթի իրիկուն մը Ռոզիկ հետևյալ նամակը ստացավ Լևոնեն։