Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկնալով հաշտված է իր խնամացուներուն հետ։ Եվ այս ենթադրությունը չափազանց ուրախացուց զինքը և սկսավ զվարթորեն ու սիրալիր կերպով տեսակցիլ ամենուն հետ։ Հետո, երր Բերա դառնալու կպատրաստվեին՝ աոաջարկեց.

− Ղուկաս էֆենտի, օթել երթանք և ճաշը միասին ընենք, չըլլա՞ր։

− Ամենայն սիրով,− պատասխանեց վաճառականը։

Երկու կառք սակարկեցին և Լևոնի կարգադրության համեմատ՝ մեկուն մեջ նստան տիկին Անթառամը և Ղուկաս էֆենտին, իսկ մյուսին մեջ՝ ինքն ու նշանածը։

Հազիվ թե կառքերը ճամփա ելած էին, Լևոն խնդալով ըսավ Ռոզիկին․

− Գիտե՞ս թե որքան մտատանջ էի հոս հասած վայրկյանիս և թե հիմա որքան հանգիստ երջանիկ եմ։

− Ինչո՞ւ համար,− հարցուց աղջիկը միամտաբար։

– Պարզապես կվախնայի, որ հոս հասնելուս հարաբերությանց խզում մը տեսնեի մորս և ձեր միջև, մինչդեռ, ընդհակառակը, ահա հայրդ ու մայրս քով քովի զիս ընդունեցին։ Ուրեմն պատահած միջադեպը կարևորութենե զուրկ բան մըն է և արդեն ամեն բան մոռցված է․․․

Լևոնի այս խոսքերը շփոթեցուցին Ռոզիկը, որ չէր գիտեր ինչ պատասխանելը։ Չէր ուզեր մեկեն ի մեկ հուսախաբ ընել երիտոասարդը, իսկ մյուս կողմե անտանելի կուգար իրեն ստելը։ Ուստի շեղակի պատասխան մը տվավ.

− Եվ եթե տեսնայիր. որ իրավցնե հարաբերությանց խզում մը պատահած է, իմ ծնողքիս ու քո մորդ միջև, ի՞նչ պիտի ընեիր,− հարցուց Ռոզիկ, իր սև աղվոր աչքերը հառելով երիտասարդին վրա։

− Շիտակը, շատ ցավ պիտի զգայի, ջանայի պատճառը հասկընալ և անմիջապես հաշտություն մը գոյացնելով, խնդիրը անույշ տեղը կապել։

− Եվ եթե չհաջողեի՞ր այդ հաշտությունը հառաջ բերել,− կրկնեց աղջիկը ժպտելով։

Լևոն զարմացումով իր նշանածին նայեցավ։

− Բայց ինչո՞ւ այդ հարցումները կընես, քանի որ այլևս խնդիր չէ մնացած մեջտեղը։