Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ռոզիկը կառնեմ ու եկեղեցի կերթանք, հետո տեղ մը կնստինք և ցերեկվան ճաշն ալ միասին կընենք։

− Բայց եթե առտուն մայրդ անհանգիստ ըլլա՞,− դիտել տվավ Ռոզիկ։

− Այդ մասին անհոգ եղիր,– պատասխանեց Լևոն,− մայրս բան մըն ալ չունի։

− Ավելի լավ։

Այս կարգադրությունը ընելն ետքը, հայր ու աղջիկ, երիտասարդին բարի գիշեր մաղթելով մեկնեցան։

Հետևյալ առտու, Լևոն իր խոստումին հավատարիմ, եկավ Կելկիթյանենց բնակարանը, մորը հետ բուռն վիճաբանություն մը ունենալե ետքը։ Արդեն նախորդ իրիկունն ալ, տիկին Անթառամ, անհանգստություն կեղծելով, երբ զավկին հետ իր ննջասենյակը մտած էր, աոաջին խոսքը եղած էր.

− Լևոն, գիտցած ըլլաս, որ եթե այս աղջիկը առնես, ձեռքովդ գերեզմանս փորած կըլլաս․․․

Ու հետո սկսած էր բերնին եկած նախատինքները թափել Ղուկաս էֆենտիի, տիկին Թագուհիի ու Ռոզիկի գլխուն։ Երիտասարդը տեսնելով իր մոր գերագրգռված վիճակը, ջանացեր էը զայն հանդարտեցնել, առանց ընդդիմախոսելու, լավագույն համարելով ավելի հանդարտ վայրկյանի մը մեջ խոսակցություններ ունենալ մորը հետ։ Տիկին Անթառամ՝ հանդարտորեն զավկին իր նախատինքները մտիկ ընելեն այնպես ենթադրեր էր, որ իրեն քիչ շատ համամիտ էր և այս լավատես տրամադրությամբ պառկեր էր, հետևյալ առտուն կրկին ու ավելի մանրամասնորեն այդ ամուսնական խնդրին դառնալու որոշումով։

Բայց իրմե առաջ արդեն Լևոն խոսք բացավ.

− Մայրիկ,− ըսավ առտուն իր քով գալով,− երեկ իրիկուն շատ հուզված վիճակ մը ունեիր և ասոր համար չուզեցի շատ խոսեցնել քեզ, բայց հիմա կհուսամ, որ հանդարտած ես, ուստի կրնանք պաղ արյունով աեսակցիլ։

− Իմ ուզածս ալ այդ է արդեն,− պատասխանեց տիկին Անթառամ։

− Նախ կուզեմ, որ կիրքով ու հուզումով չխոսիս, հետո անորոշ ակնարկություններ ալ չընես, այլ որոշ կերպով և ապացույցներով ըսես, թե՝ ի՞նչ պաաճաոավ կդժկամիս այս ամուսնության։