Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատկանելով և մանավանդ տարիներե ի վեր ջոջ աղաներու տաներեցը ըլլալով։

Կեսօրը անցած էր արդեն և խոսակցությունը ավարտած։ Ղուկաս էֆենտի ոտքի ելավ, հրաժեշտ առավ և ուղղվեցավ դեպի դուռը։

Բակը, եկեղեցիին պաշտոնեությունը շարված էր ակնածանքով, վերջին գետնաքարշ ցույցով մը էֆենտիին պատմությունը մոռցնել տալու համար։

Էֆենտին բարի և անհիշաչար եղավ գլխու թեթև շարժումով մը և բանկալը դրված պնակին մեջ մեճիտիե մը նետելով դուրս ելավ։

− Ինչ որ է, սիրտը առինք,− մտածեց ժամկոչը, սրտի անճառ թեթևացումով մը։

Նույն միջոցին տղա մը, որ ձյունագնդակի դժբախտ պատահարեն ի վեր ծակամուտ եղած էր, հանկարծ երևցավ բակին մեջ և շուտաքայլ ուղղվեցավ դեպի դուռը։

− Շունշանորդի բիճ,− գոչեց ժամկոչը, ետևեն վազելով և կռնակին բռունցքի ուժգին հարված մը իջեցնելով, մինչ ավագերեցը՝

− Բռնեցեք սա լակոտը,− կաղաղակեր՝ չարաշուք անգղի մը պես իր թևերը շարժելով։

Բայց տղան արդեն ինքզինք դուրս նետած ու անհայտ եղած էր ամբոխին մեջ։


ԳԼՈԻԽ Բ

Ղուկաս էֆենտիի բնակարանը շատ հեռու չէր եկեղեցիեն, ուստի ոտքով ուղղվեցավ դեպի Մեծ փողոց և գրեթե տասը վայրկյան ետքը հասավ իր տեղը։

Ղուկաս էֆենտի մտավ մեծ սրահ մը, արևելյան գորգերով ծածկված, պերճ ու պոռոտ կարասիներով լեցուն, ահագին ագևոր դաշնակ մը լեցուցած էր մուտքին ձախ անկյունը, մինչ աջ անկյունը դրված էր խոշոր վառարան մը, որուն կրակը կշողշողար։ Բազմոցները, թիկնաթոռներն ու աթոռները իրենց սնդուսե, մետաքսե և թավիշե արդուզարդը կպարզեին այն օրվան համար, մերկացած ըլլալով իրենց սովորական ճերմակ կերպասե ծածկոցներեն։ Պատերը ծածկված էին մութ-կարմիր գույնե թուղթով մը։ Երկու յուղաներկ պատկերներ, հաստ, ոսկեզօծ շրջանակներու