Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած օղի կխմեր, առանց խոսքի խառնվելու, հանկարծ ըսավ Հաճի Թումիկին։

− Այդ Ղուկաս էֆենտի ըսածնիդ Կելկիթյա՞նն է։

− Այո,− պատասխանեց գինեպանը։

− Սա Բերայի Աղքատախնամին նախագահը…

− Ճիշտ անիկա։

− Անիկա աղեկ մը ճանչնալ կուզեք նե,− ըսավ անծանոթը,- ես ձեզի տուն մը տանիմ տե, հոն անոր ի՞նչ մարդ ըլլալը լսեցեք։

Թումիկ աթոռ մը առավ և անծանոթին մոտենալով, սկսավ ցած ձայնով հետը տեսնվիլ, հետո Սերգիսին մոտ եկավ և ըսավ.

− Վաղը առտու կանուխ հոս գտնվե. տեղ մը պիտի երթանք․․․ հիմա անոր խերը անիծեցինք, աս մարդը երկինքեն ինկավ․․․

Սերգիս խոստացավ անպատճառ գալ։ Հետևյալ առտու կանուխ Թումիկ ու Սերգիս, անծանոթին առաջնորդությամբ, Բանկալթիի ետևի փողոցները, փայտաշեն տուն մը գացին, ուր երկու պառավներ ու մանկամարդ աղջիկ մը կբնակեին։

Ժամու մը չափ մնացին հոն և հետո վերադարձան գինետուն։

Քստմնելի պատմություն մը լսած էին և երկուքն ալ, գինեպանն ու Սերգիս, տակավին անոր ազդեցությանը տակ կգտնվեին, առանց իրենց տպավորությունները իրարու կարենալ հաղորդելու։

Այն տունը, ուր գացեր էին, աղքատիկ ընտանիք մը կբնակեր, երկու պառավ կիներ և մանկամարդ աղջիկ մը, որ այդ կիներեն մեկուն զավակն էր։ Բերայի Աղքատախնամը այդ պառավներուն ամսական 80 ղրուշի նպաստ մը հատկացուցած էր, զոր աղջկան մայրը կերթար գանձելու։ Ամսուգլուխ մը, սակայն, պառավը հիվանդ ըլլալով ու իր քույրն ալ արդեն քալելու անկարող, մանկամարդ աղջիկը գացած էր ամսականը առնելու։

Շուշանիկ, այս էր աղջկանը անունը, տասնյոթը տարեկան, վարդագույն, հիանալի սև աչքերով, մանկամարդուհի մըն էր, թարմ ու առույգ գեղեցկությամբ։

Երբ եկած ներկայացած էր Աղքատախնամի սենյակը, բոլոր հոն գտնվողները սքանչացեր էին այդ գեղանի աղջկան վրա և