Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գործերուն, աղքատներու վիճակին ակնարկումներ ըրավ և վերջապես ըսավ․

− Սա երեկվան աղջիկը, Շուշանիկ էր, ինչ էր, բնավ մտքես չելլար կոր, այդ տարիքին մեջ, այդպիսի գեղեցկությամբ թշվառության մեջ ինկած, առանց պաշտպանի, ի՞նչ պիտի րլլա վիճակը… օր մը չէ նե, օր մը գեշ ճամփու մեջ պիտի իյնա, պիտի կորսվի… գուցե նույնիսկ այդ ճամփուն մեջ է։

− Չէ, այդ մասին կրնաք ապահով ըլլալ, որ սուրբի պես աղջիկ է, ես քիչ հանդիպած եմ այդ աստիճան պարկեշտ ու խելքը գլուխը աղջկան։

− Իրա՞վ կըսես․․․

− Հարկավ,− հաստատեց Միքայել աղա,– պզտիկութենե կճանչնամ զինքը, հիմակ ալ շատ անգամ տուներնին կհանդիպիմ. երբեմն ձեռագործ կտանիմ, որովհետև շատ աղեկ կար կկարե… վերջապես դուրսեն քանի մը փարա վաստկցնելու համար ձեռքես եկածը կընեմ։

Ղուկաս էֆենտի տեղեկություններ հարցուց պառավներուն մասին և ի վերջո ըսավ.

− Ի՞նչ է այդ խեղճ կնկան հիվանդությունը, լուր մը ունի՞ս։

− Սաթլիճան է եղեր… երեկ ցերեկ դուռնեն հանդիպեցա, անանկ ըսին։

Սաթլիճան, վախ, վախ, վախ…

Հետո պահ մը լռելե ետքը, Ղուկաս էֆենտին ըսավ․

− Էյ, սըկե կառք մը նստինք ու երթանք սա խեղճերուն այցելություն մը տանք, աչքով տեսած կըլլանք վիճակնին։

Միքայել աղա ամենայն հաճոյակատարությամբ ընդունեց այս առաջարկը և կառք մը նստելով՝ ուղղվեցան Բանկալթ՝ի այն տունը, ուր աղքատիկ ընտանիքը պատսպարված էր սենյակի մը մեջ։

Երկու պառավները և մանկամարդ աղջիկը շատ զարմացան և դող ելան հանկարծ, երբ Աղքատախնամի նախագահը տեսան իրենց սենյակին մեջ. բարեբախտաբար Միքայել աղան միասին էր և քննիչը գրեթե տունին մտերիմը ըլլալով, իր ներկայությունը ապահովեց զիրենք։

Ղուկաս էֆենտի քանի մը հարցումներ ըրավ հիվանդ պառավին, հետո պաավիրեց Միքայել աղայի, որ Աղքատախնամին