Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գումարը բավականին պատկառելի էր, և կարելի էր այդ գնով հանձնառու ըլլալ գործին, բայց աստի՝ Վառվառ լավ կճանչնար իր հաճախորդը, գիտեր, որ Ղուկաս էֆենտի իր միտքը դրածեն ավելի չպիտի վճարեր երբեք, ուստի ձևի համար, քիչ մը խորհելե ետքը, ըսավ.

− Շիտակը ըսեմ, Ղուկաս էֆենտի, եթե ուրիշ մեկը ըլլար, ես հարյուր ոսկով ալ ասանկ գործի մեջ չէի մտնար, բայց դուն հին բարեկամ ես, քու խաթրըդ չեմ ուզեր կոտրել ինչ հարմար կըտեսնաս նե՝ անիկա տուր… միայն թե, ոտքդ պագնեմ, գլուխս փորձանք մը չի գա։

− Հոգ մի ըներ ըսինք ա,− գոչեց վաճառականը և գրպանեն հինգ ոսկի հանելով Վառվառին տվավ։

− Ե՞րբ պիտի գան այդ աղջիկն ու մարդը,− հարցուց տանտիրուհին։

− Դեռ չեմ գիտեր, գործը կարգադրելեն ետքը քեզի իմաց կուաամ. դուն հիմակուհիմա պատրաստ գտնվե․ տե՝ կնայինք։

Եվ այս առաջին կարգադրությունը ընելե ետքը, Ղուկաս էֆենտի գոհ սրտով մը մեկնեցավ այդ շիլ բնակարանեն։

Բայց այս գործին առաջին քայլն էր և ամենեն դյուրինը։ Հիմա պետք էր ապահովել նաև Միքայել աղայի աջակցությունը։ Քանի մը օրե ի վեր Ղուկաս էֆենտի մտերմությունը առաջ տարած էր այդ մարդուն հետ, որուն հազիվ բարև տալու կզիջաներ առաջ, և սակայն դարձյալ չէր համարձակեր խոսք բանալ իր եղերական ծրագրի մասին։

Վառվառի հետ իր կարգադրությունեն օր մը ետքը, կիրակի մը, ուր Աղքատախնամի նիստին նախագահած էր, երբ բոլոր անդամները միասին դուրս կելլեին Ս. Երրորդության եկեղեցիեն, Ղուկաս էֆենտի ըսավ իր ապագա մեղսակցին։

− Միքայել աղա, դուն քիչ մը կեցիր, խոսք ունիմ քեզի հետ։

− Շատ աղեկ, էֆենտիս, ձեր հրամանին պատրաստ եմ,− պատասխանեց մյուսը, ծառայական խոնարհությամբ մը։

Ղուկաս էֆենտի լսած էր, որ Միքայել աղա օղիի մեծ սիրահար մըն էր, ուստի ուզեց շահագործել անոր այս տկարությունը և հետը խոսակցելով ճամփա ելավ և զայն տարավ գարեջրտուն մը, ուր ընդհանրապես գերմանացիներ կհաճախեին և ուր վստահ էր, թե ծանոթներու չպիտի հանդիպեր։