Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այստեղ,− ըսավ,− թեև՝ գարեջրատուն է, բայց պատվական օղի ու մանավանդ մեզեներ՝ ունի… խոզեղեն կսիրես, այնպես չէ՞։

− Ինչպես որ կուզեք,− պատասխանեց մյուսը, որ քանի մը օրե ի վեր իրեն ընծայված բացառիկ պատիվներեն շլացած էր։

Երբ նստեցան և օդին ու աղանդերները եկան, վաճառականը հարցուց.

− Ինչպե՞ս է սա աղջկան մայրը, որուն հիվանդտեսի գացինք. աղեկցա՞վ բոլորովին, լուր մը ունի՞ս…

− Երեկ հանդիպեցա տուներնին,− պատասխանեց Միքայել աղա,− բժիշկ բերեր են, նոր դեղեր տվեր է, բավական ծանրկեկ սաթլիճան է, աղեկ նայելու է, ըսեր է։

− Վա՜խ, վա՛խ… իսկ աղջիկը ի՞նչ կընե կոր, Շուշանի՞կ էր, ի՞նչ էր, ձեռքը գործ մը ունի՞…

− Չէ, բան մը չունի․․․ արդեն, խելքը գլուխը չէ, որ գործի ետևե ըլլա հիմակուհիմա ձեր մեծության տված դրամովը կապրվին կոր…

− Քեզի ոսկի մը տամ տե իմ կողմես նորեն իրենց տուր։

Եվ Ղուկաս էֆենտի դրամը հանեց, ու հանձնեց Միքայել աղային, որ խոստացավ անմիջապես տանել տալ հատկացված տեղը։

Հետո, Ղուկաս էֆենտի, կրկին խոսեցավ այդ դժբախտ ընտանիքին վրա, մանավանդ մանկամարդ աղջկանը մասին, որուն գեղեցկությունը շարունակական վտանգ մըն էր իր առաքինության ու պարկեշտության համար։ Ու վերադարձավ իր սևեռուն գաղափարին։

− Օը մը չէ․ օր մը, խեղճ աղջիկը պիտի իյնա մոլության մեջ, և ո՞վ գիտե որ անխիղճ սրիկային ձեռքով, որ զայն հրապուրելե ետքը, անշուշտ երեսի վրա պիտի թողու…

Օղիի գավաթները կշարունակեին իրարու ետևե, Ղուկաս էֆենտի ինք, թեև քիչ կխմեր, բայց իր ընկերակցին անընդհատ կհրամցներ. Միքայել աղա սկսած էր թեթև մը գինովնալ, զվարթություն մը եկած էր վրան և օղիին ազդեցության տակ, գրեթե մտերմական ձևով մը կխոսեր վաճառականին հետ, զանց ընելով մեծարանքի ու ակնածության ձևակերպումները։

Ղուկաս էֆենտի խոսքը առաջ տանելով ըսավ.

− Գիտե՞ս ինչ կմտածեմ, Միքայել աղա, այս տեսակ աղջիկները,