Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կգրես, կըսես, որ իր ըրածներուն կհամակերպիս, բայց իրմե հեռու չես կրնար ապրիլ, թե իր մեկնումեն ի վեր հիվանդ ես, թե ապահովաբար եթե այսպես բաժնված մնաս, քիչ ատենեն գերեզման պիտի իջնես։ Ուստի, կըսես, որ միտքդ դրած ես Փարիզ երթալ ու հաստատվիլ, քանի որ այդ մասին ինքն ալ չհակառակիր և իրմե կխնդրես, որ գոնե շաբաթը քանի մը անգամ գա քեզի տեսնելու… վերջապես հուզիչ նամակ մը կգրես, այնպես որ ինքն ալ կարդացած ատեն սիրտը տակնուվրա ըլլա։

− Արդեն ես ալ միտք չունիմ հոս մնալու, որովհետև անկարելի պիտի ըլլա այստեղ ապրիլս, բայց նորեն չեմ կրնար կոր ըմբռնել, որ իմ հոն երթալով ի՞նչպես պիտի կրնամ պսակը արգիլել։

− Խնդիրը ժամանակ շահելուն վրա է, տիկին Անթառամ, դուն մեյ մը հոն գնա, զավկիդ հետ մեղմորեն հարաբերություն հաստատե, հետը անուշ վարվե, վերջապես նորեն սիրտը շահե։ Այդ միջոցին, ես, ինչպես ըսի, ամեն բան կընեմ, որպեսզի եկեղեցական ամուսնությունը հապաղի, այդ մասին կրնաս վստահ ըլլալ։

− Բայց քանի որ Ռոզիկի հետ միասին կապրին, լավագույն չէ՞ որ օրինավորապես պսակվին քահանային ձեռքով։

− Չէ, տիկին, այնչափ ատեն, որ անպսակ մնան, ինչպես ըսի, ըստ Հայաստանյաց Եկեղեցվո, Ռոզիկ անոր հարճը կսեպվի, ուստի ուզած ատենը կրնա ձգել, մանավանդ որ քաղաքական ամուսնությունը կարելի է դյուրավ խզել, քանի որ Ֆրանսայի մեջ ամուսնալուծությունը ընդունված է․․․

− Բայց ի՞նչպես կուզես, որ ձգե, քանի որ այնքան կսիրե կոր և այս եղած խաղքություններեն ետքը, կրկին չկրցավ անկե բաժնվիլ ու ամեն բան անոր համար զոհեց։

− Սերը մշտապես բան մը չէ, ի՜նչ իրար պաշտող սիրահարներ քիչ ատենեն իրար ձգած են, միթե օրինակներ չի կա՞ն… մանավանդ, ընդհանրապես ասանկ սիրահարներ են, որ շուտով իրարմե կպաղին…

Ու Տ. Միքիաս քահանան ամբողջ ժամ մը խոսեցավ, դեպքեր և իրողություններ հիշեց, ըսավ թե ինչպես այնինչ երիտասարդը, որ սաստիկ սիրահարված էր այսինչ աղջկան հետ, իր ամուսնութենեն քանի մը ամիս ետքը, կինը երեսի վրա թողած ու փախած էր, ուրիշի մը հետ ամուսնանալու համար։ Թե ինչպես այնինչ