Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտանիքին աղջիկը, որ նույնպես հակառակ իր ծնողքին կամքին երիտասարդի մը սիրահարած ու հետը փախած էր, ամիս մը ետքը իր էրիկը լքելով՝ վերադարձած էր ծնողքին գիրկը և որ այժմ ամուսնալուծում մը կպահանջեր Պատրիարքարանի միջոցով։

Վերջապես հիշեց Կրոնական Ժողովի ու Դատաստանական Խորհուրդի առջև տեսնված դատեր, որոնց ամենքն ալ իր ըսածները կապացուցանեին։

Տիկին Անթառամ, կամաց-կամաց, տեղի տվավ։ Ընդունեց, որ կարելի էր Տ. Միքիասի ենթադրությունները, նույնիսկ կերպով մը մխիթարվեցավ, մտածելով որ գուցե պիտի կրնար նորեն տիրանալ իր զավկին և զայն գուցե կրկին ամուսնացնել իր բաղձանքին համեմատ։

Տեր Միքիաս քահանա տեսնելով որ Անթառամ կսկսեր համոզվիլ իր խոսքերուն, ալ ավելի ուժով սկսավ փաստաբանել, նորեն դիմեց շատ մը օրինակներու, կարգ մը ընտանեկան գաղտնիքներ պարզեց, անուններ ու թվականներ հիշեց, և վերջապես եզրակացուց՝ ըսելով․

− Ես հարյուրին հարյուր վստահ եմ, որ այս գործը պիտի կրնանք հաջողցնել ու կրկին մեր նպատակին հասնիլ, միայն թե ատոր գլխավոր պայմանը քու և զավկիդ մեջ սերտ հարաբերություն հաստատելն է։ Ես վաղը առտու կրկին կուգամ և միասին պետք եղած նամակը կգրենք ու կղրկենք, անկե ետքը սպասենք ու նպաստավոր պատասխան մը առնելուդ պես՝ շոգեկառք կնստիս ու Փարիզ կերթաս, ալ անկե ետքը մեր գործերու հատակագիծը կպատրաստենք։ Ես ան Ղուկաս էֆենտիին խաղ մը խաղամ, որ ինքն ալ մատ խածնե ու տեսնե թե՝ ինչ մարդ է Տ․ Միքիաս քահանան։

Եվ այս սպառնալիքը ընելե ետքը, տեր հայրը մնաս բարով ըսավ ու մեկնեցավ հետևյալ առտու գալու խոստումով։

ԳԼՈՒԽ ԺԲ

Տ. Միքիասի և տիկին Անթառամի տեսակցութենեն ետքը երկու ամիս անցած էր։ Լևոնի մայրը արդեն իսկ վերադարձած էր Փարիզ և հաստատված աոանձին տան մը մեջ, ուր երբեմն կընդուներ իր զավկին այցելությունը։ Բերայի մեջ այլևս չէր խոսվեր Ս․ Երրորդության եկեղեցիի