Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բակին մեջ տեղի ունեցած գայթակղության, և Ռոզիկի ու Լևոնի փախուստին և ամուսնության մասին։ Նոր դեպքեր ու գայթակղություններ մոռցնել տվեր էին ամենքը և գրեթե ոչ ոք կզբաղեր Կելկիթյանենց հետ։

Եվ ասիկա շատ գոհ կթողուր Ղուկաս էֆենտին, որ ինքնիրեն կմտածեր. «վերջապես բամբասանքե ազատվեցանք ու ալ ասոր անոր բերնին ծամոց չենք ըլլար»։

Այժմ միակ հոգ մը ուներ, այն է Ռոզիկի և Լևոնի մասին Փարիզեն ուզված պաշտոնաթղթերը առնել և ղրկել իր փեսին, որպեսզի կարելի ըլլար կատարել նաև եկեղեցական պսակը։ Այդ գործին համար Ղուկաս էֆենտի իր գրագիրներեն մեկը սահմանած էր, որ շաբաթը քանի մը անգամ Պատրիարքարան կերթար, կուգար, առանց պետք եղած թուղթերը ձեռք ձգելու։

Ամեն անգամ մեյ մեկ նոր դժվարություն, նոր ձևակերպումներ երևան կելլեին, որ գործը կհապաղեցներ։ Աոաջին մեկ քանի շաբաթները Ղուկաս էֆենտի համբերեց, հետո սկսավ բարկանալ և իր գրագրին ծանր հանդիմանություններ ուղղեց, զայն իբրև ծույլ, անկարող ամբաստանելով։

Խեղճ գրագիրը չէր գիտեր ինչպես ելլեր գործին միջեն։ Ինքն ալ իր կարգին բարկացավ, սկսավ խստորեն խոսիլ Պատրիարքարանի պաշտոնյաներուն հետ, որոնք հապաղման պատասխանատվությունը իրարու վրա կբեռնեին։

− Էֆենտիմ, արձանագրությանց դիվանը պետք է, որ նախ թուղթը վավերացնե

− Արձանագրությանց դիվանը մինչև որ ծննդյան վկայագիրը ձեռք չունենա, բան մը չկրնար ընել։

− Բայց վկայագիրը բերինք։

− Այո, սակայն մխթարը չէր կնքած։

− Թաղական Խորհուրդը վավերացուց։

− Այդ բավական չէ։

− Աղջկան ամուսնացած չըլլալուն վկայագիրը ո՞ւր է։

− Այդ վկայագիրը հղված է ուր որ անկ է։

− Ո՞ւր…

− Այդ մեր գիտնալիք բանը չէ, Փոխանորդության դիմեցեք։

− Եղբայր, քառասուն անգամ, գացի եկա, որոջ պատասխան մը չտվավ։

− Ի՞նչ կընեն կոր։