− Պարտ ու պատշաճը տնօրիներ են եղեր։
− Ալ ի՞նչ կուզես։
Ու այսպես գրագիրը կերթար կուգար, առանց գործն ավարտելու։
Օր մը սակայն տիկին Թագուհի ստիպողական նամակ մը ստացավ Ռոզիկեն, որով կրկին ու կրկին կխնդրեր պաշտոնաթուղթերը անմիջապես իրենց ղրկել, որովհետև Լևոն և ինք ամիսի մը չափ զբոսական ուղևորություն մը պիտի ընեին և Փարիզեն բացակա պիտի մնային և Լևոն կուզեր, որ մեկնելե առաջ պսակը կատարվեր լմննար։
«Մինչև շաբաթ մը անպատճառ թուղթերը ղրկեցեք», կավելցներ Ռոզիկ իր նամակին մեջ։
Տիկին Թագուհի Ղուկաս էֆենտիի ցույց տվավ աղջկանը նամակը, որ վճռաբար ըսավ.
− Վաղը անպատճառ ես երթամ, որ այս գործը լմննա, մեր գրագիր օլաճախ ավանակը չպիտի կրնա ընել…
Եվ իրավ ալ հաջորդ օրը անձամբ գնաց Պատրիարքարան և ուզեց Փոխանորդ հայրը տեսնել։
Ղուկաս էֆենտիին այս անակնկալ այցելությունը իրարանցում մը առաջ բերավ բարապաններուն մեջ, որոնք փութացին զինք առաջնորդել Փոխանորդարան։
Փոխանորդ հայրն ալ զարմացած շփոթված ոտքի ելավ, երբոր տեսավ հարուստ վաճառականին իր սենյակը մտնելը։
− Հրամմեցեք, Ղուկաս էֆենտի, այս ի՜նչ պատիվ է, որ մեզի կընեք։
Հետո դռնապանին դառնալով.
− Սուրճ բերեք,– հրամայեց։
− Էֆենտիմ, գործ մը ունինք տե, անոր համար եկա,− բացատրեց Ղուկաս էֆենտի
− Հրաման ըրեք, կատարենք անմիջապես,− ըսավ փոխանորդը։
− Ճանըմ, երկու ամիս է աղջկանս ու Լևոն Կոկիկյանի մասին վկայագիր պիտի տրվի, որ նախապես ամուսնացած չեն ե ասոր համար գրագիրս քառասուն անգամ եկավ գնաց, տակավին չտվիք, սա ի՞նչ խաղքություն է…
− Կներեք, էֆենտիս, կհիշեմ, որ այդպիսի գործողություն մը