Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Տղաս, այդ թուղթերը տակավին չպիտի կրնանք տալ, եթե կուզես մեյ մը Տ. Միքիասին գնա, անկե ուզե, անոր քովն են, ես ուզեցի, թեև, բայց չկրցա առնել։

− Սակայն խոստացեր եք այսօր անպատճառ հանձնելու․․․

− Խոստացա, այո, բայց, խոստումս չեմ կրնար գորձադրել, ահա ճշմարտությունը․ ինչ որ կուզես ան ըրե։

− Բայց Փոխանորդ հայր․․․

− Գնա՛, Տ․ Միքիասը տես։

Գրագիրը հուսահատ դուրս ելավ և գնաց Տ. Միքիասի քով, որ տակավին Պատրիարքարան կգտնվեր։

− Տեր հայր,− ըսավ,− սա թուղթերը շնորհ ընեիք։

− Ո՞ր թուղթերը,− հարցուց քահանան խստորեն։

− Սա օրիորդ Կելկիթյանի և Լևոն էֆենտի Կոկիկյանի ամուսնացած չըլլալուն վերաբերյալ պաշտոնաթուղթերը։

− Անոնք դեռ պիտի քննվին։

− Ե՞րբ կլմննա այդ քննությունը։

− Ո՞վ գիտե, ամիսե մը, գուցե վեց ամիսեն։

− Բայց Ղուկաս էֆենտի այսօր անպատճառ կպահանջե կոր այդ թուղթերը, ես հիմա ի՞նչ ըսեմ իրեն։

− Ղուկաս էֆենտիի պահանջումովը գործը չի լմննար, ամեն բան օրենքով ու կանոնով կըլլա… Ղուկաս էֆենտի կրնա պահանջել և մենք ալ կրնանք չի տալ, մինչև որ ամեն ինչ օրինավորության սահմանին մեջ կատարվի․ ահա տղաս, ասանկ կըսես։

Խեղճ գրագիրը ճարահատ վերադարձավ գրասենյակ և իր էֆենտիին հադորդեց Տ. Միքիասի խոսքերը։

Վաճառականը աննկարագրելի բարկութան մը մեջ ինկավ, հայհոյեց իր գրագիրին երեսն ի վեր ա զայն դուրս վռնտեց սենյակեն։ Հետո, սկսավ գրասենյակին մեջ վեր վար շրջիլ, գերագրգռված վիճակի մեջ։

− Վայ շունշանորդի,− կըսեր կատաղիորեն, ակռաները կրճտելով,− վայ շունշանորդի մարդ, ինքն է բոլոր այս հապաղաումին պատճառը, ինքն է, որ երկու ամիսե ի վեր այսպես մեզ կխաղցնե կոր… բայց ինչո՞ւ համար, ի՞նչ է իր նպատակը, պարզապես գեշաթյո՞ւն ընելու, վրե՞ժ լուծելու համար։ Չէ՛, Տ. Միքիասը որքան ալ ոխակալ ու քինախնդիր, միմիայն չարության համար սանկ բան չըներ։ Գործին մեջ անպատճառ հաշիվ մը, մութ մեքենայություն մը կա…