Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարևորություն չունի, մարդս պատիվ, բարոյական ունենալու է։

− Շատ ճշմարիտ կխոսիս,− կրկնեց Աբգար էֆենտի:

Խոսակցությունը քիչ մըն ալ տևեց, հետո Ղուկաս էֆենտ «մնաք բարով» ըսավ և մեկնեցավ, խորհելով թե վտանգին առաջքը հաջողած էր առնելու։

Երբ հայր ու աղջիկ առանձին մնացին՝ Աբգար էֆենտի ըսավ Հերմինեի.

− Կտեսնա՞ս կեղծավորը, երկու ժամ առաջ Ռոզիկը աղջիկտեսի կհանե Լևոն Կոկիկյանին ու անկե ետքն ալ կուգա հոս մանչը ավրելու, որպեսզի ձեռքեն չառնենք… ատ վարպետությունը ինծի չի կըրնար կլլեցնել, ես իրմե առաջ տեղեկություններ առի այդ Լևոնին վրա, Էլմասի պես տղա է եղեր, բոլոր ճանչցողները գովեստը կընեն կոր, տասը տարվան մեջ 30-40 հազար ոսկի շիներ է…

− Քառասուն հազար ոսկի,− գոչեց Հերմինե իր աղվոր աչքերը խոշոր-խոշոր բացած։

− Հապա՛, ամիսը 8-10 հազար ոսկի շիներ է… բարոյական, պատիվ կփնտռե եղեր,− շարունակեց Աբգար էֆենտին,− ինք շատ ունի, չբավեր կոր, ուրիշներուն վրա ալ կփնտռե կոր, ըսելիք շատ բաներ կան, բայց ինչ որ է…

Նոր ծանոթի մը գալուստը վերջ դրավ հայր ու աղջկան խոսակցության։


ԳԼՈԻԽ Գ


Հետևյալ օրը, երկուշաբթի, Ղուկաս էֆենտի գործի չգնաց, վճռական այցելության օրն էր և թեև կեսօրեն ետքը պիտի երթային Պրիսթոլ պանդոկը, բայց ինքը ուզեց, որ առտվընե տունը գտնվի, ամեն մանրամասնություններուն անձամբ հսկելու համար։

Աբգար էֆենտիի հետ տեսակցությունեն ի վեր շատ ջղագրգիռ վիճակ մը ուներ։ Գիշերը, իրենց խոսակցությունը մանրամասնորեն պատմած էր կնոջ, որ ինքն ալ դող ելած էր այդ անակնկալ մրցակիցեն:

Հերմինե ապահովապես շատ ավելի գեղեցիկ էր, քան թե իրենց աղջիկը, թեև անկե մեկ քանի տարու մեծ։ Բաց աստի, կրթությունը Սեոռերու վարժարանը առած ըլլալով ֆրանսերեն շատ լավ կխոսեր, ավելի փարիզյան հով մը ուներ, մանավանդ որ