Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տեղի ունեցած էր և մանչ զավակ մը ծնած էր և թե այս առթիվ տիկին Անթառամ բոլորովին հաշտված էր իր զավկին ու հարսին հետ։

Բոլոր այս տեղեկությունները ուրախացուցին վաճառականը, միայն իր կնոջ հանկարծակի գալուստը զինքը շփոթեցուց։ Ինք այնպես կենթադրեր, որ տակավին ամիսի մը չափ պիտի հապաղեր գալը և ըստ այնըմ իր կարգադրությունները ըրած էր։

− Այսօր հինգշաբթի,− մտածեց ինքնիրեն,− հետևաբար գալ այսօրս հոս պիտի ըլլա, այսինքն ութը օրեն… ասիկա բնավ գործիս չի գար…

Եվ վաճառականը մտատանջ՝ սկսավ սենյակին մեջ երթևեկել։ Հետո որոշում մը տվավ.

− Երթամ մեյ մը Քերովբե էֆենտին տեսնեմ, կարելի է ան խելք մը կսորվեցնե։

Ղուկաս էֆենտի որքան որ իր քենիին համամտություն ցույց տված էր, քաջալերելով զայն Սամսոն երթալու խորհուրդին համար, այսուհանդերձ ներքնապես որոշած էր այդ ճամփորդությունը արգիլել և Երանիկը միշտ իրեն մոտ պահել, իբրև հաճույքի պատրաստ առարկա մը։ Եվ ասոր համար հույսը դրած էր, ինչպես արդեն տեսանք, Քերովբե էֆենտիի վրա։

Իրիկունը, երբ իր բարեկամին քովը գնաց, այս վերջինը կպատրաստվեր մեկնելու գրասենյակեն։

− Աղեկ որ եկար,− ըսավ, վաճառականը տեսնելով,− նոր բաներ ունիմ քեզի ըսելիք Երանիկի մասին։

− Ես ալ նույնպես,− պատասխաներ Ղուկաս էֆենտի։

− Ուրեմն երթանք տեղ մը նստինք ու հանդարտորեն խոսակցինք։

Եվ ուղղվեցտն Ղալաթիա ծանոթ գարեջրատուն մը։

− Այսօր կրկին տիկին Երանիկի այցելությունը ընդունելու պատիվը ունեցա,− ըսավ Քերովբե էֆենտի գոհ ու զվարթ դեմքով մը։

− Վայ,− գոչեց վաճառականը.− էյ, ինչպես նորեն առաջվան այցելության չափ հաջողություն ունեցա՞ր…

− Կարծեմ թե,− պատասխանեց հաղթականորեն Քերովբե էֆենտի,− միայն թե այս անգամ քիչ մը ավելի դժվարությամբ և մեծ զոհողություններով։

− Ի՞նչ զոհողություն։