Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Սամսոն պիտի երթամ թե ուրիշ տեղ, չեմ գիտեր, միայն թե սա գիտեմ, որ ասկե պիտի երթամ։

− Կերևա, որ Քերովբե էֆենտիին հետ գործը սաղի կապած ես… աստված տա։

Երանիկ այս հեգնական խոսքերուն վրա իր պաղարյունությունը, որ արդեն մեծ ճիգով մը կպահեր Ղուկաս էֆենտիի գալեն ի վեր՝ կորսնցուց և ոտքի ելլելով գոչեց.

− Դուն ալ, Քերովբե էֆենտին ալ գետնին տակը անցնիք, որ զիս այս վիճակին հասցուցիք… բայց մի կարծեք, որ ձեր ձեռքին մեջ եմ, գիտեմ որ էրիկիս ամսականը տվողը դուն ես, գիտեմ որ հոն երթալուս պես զինքը գործեն պիտի հանեք, գիտեմ, որ ամեն գեշություն ընելու կարող եք, զիս բոզ մը դարձնելու և ձեր հաճույքին ծառայեցնելու համար, բայց ես ալ կըսեմ, որ ձեր մուրատին չպիտի կրնաք հասնիլ և ցույց տալու համար, որ ալ ասկե ետքը քենե կախում չունիմ, կհրամայեմ, որ անմիջապես տանես դուրս կորսվիս…

Ղուկաս էֆենտի զարմացած ու շփոթված, լսեց այս խոսքերու տարափը, ինք բոլորովին տարբեր արդյունք մը կըսպասեր այն նամակեն, զոր իր բարեկամին հետ համախորհուրդ՝ պատրաստած ու գրած էին։ Ու հիմա Երանիկի այս պոռթկումին հանդեպ ափ ի բերան մնաց։

Պահ մը լռություն տիրեց սենյակին մեջ։ Վաճառականը իր հուզումը ծածկելու և հանդարտությունը գտնելու համար սիկարեթի տուփը հանեց և հատ մը վառեց, մինչ Երանիկ վեր վար կպտտեր տենդոտ քալվածքով մը։ Տեսնելով, որ իր քեռայրը լուռ կմնա և մեկնելու ոևէ շարժում չըներ, եկավ կեցավ անոր դեմը և թևը կուրծքին վրա ծալլած, պոռաց.

− Չլսեցի՞ր ըսածս, դուրս ելիր տունես, հիմա անմիջապես, եթե ոչ բոնի դուրս հանել կուտամ։

Վաճառականը փորձեց մեղմել կնոջ բարկությունը։

− Խենթացա՞ր, ինչ եղար, Երանիկ,− ըսավ անոր ցած ձայնով,− ինչո՞ւ այսպես կպոռաս, ձայնդ փողոցեն կլսվի… իմացողը ի՞նչ կըսե. հանդարտե տեսնենք, ի՞նչ է եղածը։

− Հիմա դուրս պիտի ելլես,− կգոչեր կինը, ոտքերը գետին զարնելով։

Սպասուհին դուրսեն աղմուկը լսելով, դուռը բացավ և սեմին վրա երևցավ։