Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունեն դուրս նետելը, բայց բոլոր այդ վերհիշումները փոխանակ իր բարկությունն ու ատելությունը գրգռելու, ընդհակառակը ավելի բորբոքեցին իր ցանկությունը։ Հետո ինքնիրեն խորհեցավ.− Երեկ իրիկվընե ի վեր անշուշտ բարկությունը անցած ու հանդարտած է, և գուցե ըրածեն ալ զղջացած, ուստի հիմա կելլեմ իրեն կերթամ և միասին կառք մը նստելով Հյունքյար Սույի աղվոր քեյֆ մը կընենք։

Եվ այս հաճելի հեռապատկերեն շլացած վաճառականը իր հաշիվը մաքրեց, նավակ մը նստավ և դեպի Սարը Յար ճամփա ելավ։

Եվ սակայն անակնկալ մը կսպասեր իրեն։ Տիկին Երանիկ ու իր աղջիկը առտուն կանուխ Պոլիս իջած էին և մեկնած պահուն տիկինը լուր տված էր սպասուհիին, որ իրիկունը չպիտի վերադառնար։

Վաճառականը ասիկա իմանալով՝ սաստիկ բարկություն մը զգաց, այնքան վստահորեն եկած էր իր քենիին զղջումին հանդիսատես ըլլալու և անոր հետ անգամ մըն ալ իր հրայրքը հագեցնելու։

− Ո՞ւր գացած կրնա ըլլալ, այսպես, կիրակի օրով,− խորհեցավ ինքնիրեն, սակայն չկրցավ բացատրություն մը գտնել։ Պահ մը դեգերեցավ փողոցը, իր ընելիքը շվարած մարդու մը պես, հետո նավամատույցին մոտ նշմարելով որ շոգենավը ճամփա ելլելու վրա էր, անմիջապես տոմսակ մը առավ և ներս մտավ։

Վաճառականը ամբողջ մեկ ու կես ժամ շոգենավին մեջ, իր քենիին այս հանկարծական մեկնումին վրա ենթադրություններ ընելով անցուց, առանց կարենալ որոշ բացատրություն մը գտնելու։

Կամուրջ հասնելուն՝ կառք մը մտավ և ուղղակի տուն գնաց։

Տարտամ նախազգացում մը ուներ։

− Կարելի է մեզի եկած է, ինե ներում խնդրելու համար,− կմտածեր։

Սակայն ոչ ոք եկած էր տուն։ Ղուկաս էֆենտի սրտնեղած դուրս ելավ, ծանոթի մը հանդիպելու և ժամանակ անցունելու հույսով։ Շիտակ ճամփան հանդիպեցավ Քերովբե էֆենտիի։

− Վայ, աղեկ որ իրարու հանդիպեցանք,− գոչեց այս վերջինը իր բարեկամը նշմարելով,− ես ալ առանձին կնեղանայի կոր, երեկ իրիկուն գյուղ ելար և ըսիր, որ երկուշաբթի առտու վար պիտի իջնես։