Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ես ալ քիչ ետքը կուգամ։

− Մինչև տուն քեզի կտանեմ, կձգեմ,− հարեց վաճառականը։

Երբ երկուքը առանձին մնացին՝ պահ մը լռություն տիրեց, հետո, վերջապես Ղուկաս էֆենտի խոսիլ սկսավ։

− Գիտես որ վաղը քույրդ Թագուհին կուգա կոր, և անշուշտ զինքը դիմավորելու համար կայարան պիտի գաս կամ իրիկվան մեր տունը պիտի գաս այս մասին որոշում տվա՞ծ ես։

− Այո, պիտի գամ քույրս տեսնելու, այս մասին վստահ եղիր,− պատասխանեց Երանիկ հաստատ շեշտով մը։

− Ուրեմն ճիշտ ասոր համար,− շարունակեց վաճառականը,− պետք է անանկ ընթացք մը բռնենք, որ Թագուհի բանե մը չկասկածի, որովհետև մեր պատիվը և ընտանեկան բարոյականը այդպես կպահանջեն… եթե նորեն այս իրիկվան պես գրգռվիս ու իմ մասին խոսքեր կամ ակնարկություններ ընես, կրնա ծանր հետևանքներ ունենալ։

− Սպառնալի՞ք կընես կոր,− հարցուց Երանիկ։

− Չէ, միայն թե բարեկամաբար խորհուրդ կուտամ կոր, որովհետև քիչ մը առաջ, բարկությանդ մեջ, կարգ մը խոսքեր ըրիր, որոնց նպատակը չկրցա հասկնալ։

− Ի՞նչ խոսք։

− Ասանք ծածուկ սպառնալիքի խոսքեր։

− Չեմ հիշեր կոր թե ինչ ծածուկ խոսք ըսի, այնքան հուզված էի, որ գուցե առանց կշռելու բաներ ըսած եմ։

Այս բացատրությունը գոհացուցիչ երևաց Ղուկաս էֆենտիի և զայն համարեց իբրև վերջնական հաշտության մը նախաքայլը։

− Ես ալ ճիշտ այդպես մտածեցի, որ առանց խորհելու կըսեիր այդ խոսքերը և ատոր համար ուզեցի կրկին քեզ տեսնել և քու բերնեդ լսել թե ակամա այդ տեսակ սպառնալիքները ըրած ես։

− Ուրեմն հիմա գո՞հ ես տված բացատրութեներ։

− Այո։

− Լավ, անանկ է նե երթանք, ժամանակը ուշ է։

Վաճառականը փորձեց խոսակցությունը շարունակել, օգուտ քաղելով Երանիկի հաշտարար տրամադրութենեն և կրկին զայն իրեն դարձնել, սակայն տեսավ, որ անկարելի էր այդ և թե խզումը այս անգամ վերջնական է, ուստի հուսահատաբար ոտքի ելավ, իր քենին տարավ մինչև տունը, հետո առանձին վերադարձավ նավամատույց նավակով Պեոյուք Տերե երթալու համար։