Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԵՊԵՐ


ԸՆՏԱՆԻՔ, ՊԱՏԻՎ, ԲԱՐՈՅԱԿԱՆ


ԳԼՈՒԽ Ա

Ժամերե ի վեր, հոն դուրսը, դռան ետև, կսպասեր դեկտեմբերի ցուրտ ու ձյունոտ օդով մը։ Աղքատախնամի անդամները, ներսը, իրենց կիրակնօրյա սովորական նիստը կընեին, կարգավ նպաստ բաժնելով հոն հավաքված աղքատներուն, որոնք արդեն իբրև նպաստընկալ արձանագրված էին և կուգային իրենց հատկացված գումարը առնելու։

Ինք, հեգ կինը, առաջին անգամն էր, որ կուգար, տակավին չէր արձանագրված, հետևաբար զինքը չէին ճանչեր։

Դռնապանը ըսած էր, որ մյուսներուն գործը լմննալեն ետքը պիտի կրնար ներս մտնել ու խնդիրքը ներկայացնել ժողովքին։

Առանձնաշնորհյալները, բախտավորները հետզհետե կկանչվեին։

− Ֆերիգեղցի Թագուկ, Տոլապ Տերեցի Սուրբիկ, Հաճի Թումիկ… և այլն։

Ու ահա դռնապանին հրմշտուքներովը ներս կմտնեին, իրենց դույզն նպաստը կառնեին և ստացագրի մը տակ կստորագրեին կամ խաչ մը կշինեին, իրենց ուսումնական վիճակին համեմատ։

Ոմանք երբեմն դիտողություն մը, խնդիրք մը, խոսք մը կունենային ընելիք, վեհերոտ, սարսափահար կերպարանքով մը.

−Էֆենտիներ, աստված մեկ օրերնիդ հազար ընե, աստված ձեր քեսեներուն պերեքեթ տա… մեկ աղաչանք մը ունիմ զավակներուդ գլխուն համար… աս ամիս…

−Հայտե՛, հայտե՛,− կլսվեր խոշոր ու դաժան ձայնը ատենապետին,− էվել խոսքի պետք չկա, փարադ առի՞ր, գործդ լմնցավ, հայտե՛, առապադ քաշե: