Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վերադարձավ երեկ իրիկուն և որովհետև քանի մը օրեն Պոլսեն հեռանալու որոշում տվինք, շատ իրարանցումի մեջ ենք,− պատասխանեց քույրը։

− Ինչո՞ւ Պոլսեն կհեռանաք կոր։

− Այսպես պետք է, ամենուս հանգստության համար։

– Չեմ գիտեր ինչ ըսել կուզես. Ղուկաս էֆենտին ըսավ, որ էրիկդ իր պաշտոնեն հաներ են, բայց միևնույն ատեն հույս հայտնեց, որ գործ մը պիտի ճարե իրեն, անոր չհարցուցած ինչպե՞ս կըլլա կոր, որ ձեր գլխուն որոշում կուտաք։

− Ալ ասկե ետքը մենք մեր գլխուն ճարը մեր ձեռքովը պիտի տեսնենք,− պատասխանեց Երանիկ հուզված կերպարանքով։

Տիկին Թագուհին, որ չէր գիտեր իր քրոջ հոգեկան վիճակը, կարծեց թե Ղուկաս էֆենտիի ու Երանիկի մեջ միջադեպ մը տեղի ունեցած է և ըսավ.

– Կերևա որ նորեն խնդիր մը ունեցաք մեր էֆենտիին հետ, անոր ալ մեկ նեղ վայրկյանին հանդիպած և խոսք մը ըսած ըլլալու է և ասոր համար այդպես քեննայի խոսքեր կընես կոր, բայց ես նորեն կկրկնեմ․ եկած օրս կառքին մեջ ձեր խոսքը բացվեցավ և ինք իր կողմե ըսավ, որ աստված ողորմած է, նորեն գործ մը կգտնանք։

Երանիկ փոխանակ իր քրոջ պատասխանելու, հանկարծ սկսավ արտասվել։ Տիկին Թագուհի փութաց անոր քով ու ջանաց հանդարտեցնել։

− Ի՞նչ ունիս, քույրիկս, խոսե տեսնեմ, պատմե ամեն բան, կերևա կոր ծանր բան մը անցեր է մեջերնիդ և ես տեղեկություն չունիմ…

Խեղճ կինը առանց պատասխանելու կշարունակեր հեծկլտալ, հետզհետե ավելի հուզված։

Վերջապես սկսավ խոսիլ ու ամոթեն, խղճահարութենեն ու վրեժխնդրական զզացումեն տարված, ամեն բան պատմեց իր քրոջը, խիղճը հանդարտեցնելու և միանգամայն իր վրեժը լուծելու անդիմադրելի պետքե մը մղված։

Պատմեց թե ինչպես, աոաջին անգամ անձնատուր եղած էր իր քեռայրին, թէ ինչպես իրենց մեղապարտ հարաբերությունները շարունակած էին, նույնիսկ Ղուկաս էֆենտիի ընտանեկան հարկին տակ, վերջապես իրենց հարաբերության վերջին դրվագը, Սարը Յարի մեջ վարած կյանքերնին, ամուսնույն Սամսոն ղրկվիլը։