Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քերովբե Էֆենտիի մեղսակցությունը և ի վերջո զինքը Պոլիս պահելու համար Ղուկաս էֆենտիի գործածած միջոցները։ Վերջապես ամեն բան, առանց նույնիսկ մոռանալու Քերովբե էֆենտիի հետ ունեցած հարաբերությունները, միանգամ ընդմիշտ փրկվելու համար Ղուկաս էֆենտիի ճիրաններեն, մանրամասնորեն պատմեց իր քրոջը, անհուն զղջումի արցունքներուն մեջ։ Եվ ի վերջո, ծունկի եկած, ներում խնդրեց իր քրոջմեն, իր ակամա ու գրեթե բռնի գործած հանցանքներուն համար։

Տիկին Թագուհի այս հայտնություններեն սահմռկած, ինքն ալ Երանիկի հետ կարտասվեր, չկրնալով ըմբռնել իր էրկան այս ամոթապարտ ընթացքը։

Անշուշտ մեծ հավատք մը ունեցած չէր մինչև այն ատեն իր ամուսնույն առաքինությանը մասին, գիտեր թե ընտանիքի, պատիվի ու բարոյականի մասին իր առերևույթ պահանջկոտության հակառակ, ինչ անպատիվ ու անբարոյական արարած մըն էր, որ հաճախ ստիպված էր իր խաղքությունները ծածկել դրամի կամ ազդեցության ուժովը։ Բայց երբեք չէր կրնար երևակայել, որ այդ մարդը անարգության այն աստիճանին իջած է, ուր կերևար այժմ իր քրոջ պատմություններեն ետքը։ Այս հայտնությունը շանթի մը հարվածը եղավ իրեն համար ու այն աստիճան ցնցվեցավ, որ Երանիկ ստիպվեցավ իր կարգին զայն հանդարտեցնել, զղջալով իր խոստովանությունները։

Երկու քույրերը, երկար ատեն, գլուխ գլխի լացին իրենց դժբախտությունը։ Թագուհի հարցուց.

− Ի՞նչ պիտի ընես հիմա, քակի որ ամուսինդ ալ պարապ է և չես կրնար հույս դնել այլևս Ղուկաս էֆենտիի վրա։

− Ունեցածս չունեցածս ծախեցի, քանի մը ոսկի հավաքեցի,− պատասխանեց Երանիկ,− այդ գումարով էրկանս հետ պիտի ջանանք գործ մը ճարել և ապրվիլ կամ հոս կամ գավառները․․․ վերջապես ամեն բան պիտի ընենք գլխներուս ճարը նայելու համար, առանց Ղուկաս էֆենտիի դիմում ընելու։

− Իսկ ես ի՞նչ պիտի ընեմ այս լսածներես ետքը, ինչպե՞ս պիտի նայիմ այդ մարդուն երեսը,− պատասխանեց Թագուհի՝ հուսահատ շեշտով մը,− ալ ասկե ետքը անկարելի պիտի ըլլա ինծի այդ հրեշին հետ ապրիլ…

Իրիկվան դեմ, Երանիկ ելավ գնաց, իր խոստովանությամբ