Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Շատ աղեկ,– ըսավ,− ճաշեն ետքը անմիջապես իր սենյակը կերթամ:

Վաճառականը տեսակ մը հուզում կզգար այդ անակնկալ հրավերեն։

− Խե՞ր է արդյոք,− մտածեց.− գուցե այս անտանելի կացությահ վերջ մը տալու համար կուզե հետս հաշտվիլ… ինչ որ է, քիչ ետքը կիմանանք իր նպատակը…

Ճաշին վրա սովորականեն ավելի գինի խմեց, կռվի պատրաստվող զորականի մը պես, հետո սուրճն ու սիկարեթը խմելե ետքը, հաստատ քայլերով ուղղվեցավ կնոջը սենյակը:

Տիկին Թագուհի խիստ պաղ ու դաժան ընդունելություն մը ըրավ ամուսնույն, որ զվարթադեմ իրեն մոտեցած էր, ըսելով.

– Ի՞նչ կա նայինք, զիս ուզեր ես։

– Այո, շատ կարևոր խոսք մը ունիմ, և կուզեմ, որ լրջորեն զիս մտիկ ընես։

− Խոսե տեսնենք։

− Վերջին անգամ մեր մեջ անցած դարձածեն ետքը, ալ ինծի համար անկարելի պիտի ըլլա քեզի հետ միևնույն տանը մեջ բնակիլ, ուստի պետք է, որ ալ իրարմե հեռու ապրինք, առանց անօգուտ տեղը գայթակղություններ հարուցանելու և վրանիս դարձյալ խոսեցնելու…

− Բաժնվի՞նք մի,− գոչեց Ղուկաս Էֆենտի,− բայց մեր մեջը բաժանում չկա…

− Ըսել կուզեմ, որ իրարմե պետք է հեռու ապրինք,− պատասխանեց Թագուհի…

− Բայց այն ատեն ինչպե՞ս կուզես, որ վրանիս խոսեցնել չի տանք։

− Ասոր ճարը ես մտածեցի։

− Ըսե տեսնենք։

− Ես Նոյեմիս կառնեմ Փարիզ կերթամ, աղջկանս քով, իբրև թե Նոյեմին դպրոց դնելու և անոր վրա հսկելու համար, և հոն կըմնանք, ժամանակ մը. ասով ոչ ոք կրնա մեր մասին բամբասանք մը ընել։

− Տեսնենք Փարիզեն ձեզ կուզե՞ն կոր,− հարցուց Ղուկաս էֆենտի ծաղրածու շեշտով մը։

− Այդ մասին անհոգ եղիր։

− Վայ, ուրեմն ամեն բան առաջուց պատրաստեր ես: