Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նոյեմի՝ դպրոցեն հանած էր և տունը կմնար, քանի որ որոշած էր միասին տանելու։

Ղուկաս էֆենտի վերջ ի վերջո համոզվեր էր, թե իրեն համար լավագույն լուծումը պիտի ըլլար այս բաժանումը, քանի որ ալ բոլորովին անկարելի էր ասկե ետքը միասին ապրիլ, առանց ընտանեկան նորանոր բախումներու և կռիվներու։ Եվ այն աստիճան վարժվեր էր այդ կարգադրության, որ հիմակ անհամբեր կսպասեր այդ մեկնումին, իրեն համար նոր կյանք մը վերսկսելու նպատակով:

Արդեն իսկ առանց սպասելու, որ տիկին Թագուհի ու իր աղջիկը երթան հաստատվին Փարիզ, ինք արդեն իսկ սկսած էր ապրիլ իբրև ամուրի մը, գրեթե շատ գիշերներ տուն չգալով ճաշի։ Նույնիսկ մեկ քանի անգամ պառկելու ալ չէր եկած, գիշերը անցնելով իր բարեկամին՝ Քերովբե էֆենտիին հետ, որ դարձյալ իր ամենօրյա խորհրդատու մտերիմը և շուտով կյանքին ուղեցույցը եղած էր:

Եվ կարծես թե վրեժ լուծելու համար իր կնոջմեն և անոր ցույց տալու թե՝ այս բաժանումը ոևէ կարևորություն չուներ իրեն համար, քանի մեկնումի օրերը կմոտենային, այնքան տունեն բացակա կմնար։

Իրիկուն մը դարձյալ գնաց գտավ Քերովբե էֆենտին և առաջարկնց, որ միասին ատեն անցնեն։

− Ալ այս իրիկուն վերջին գիշերնիս է, վաղը մեր Թագուհին տեֆ կըլլա, կերթա կոր, բոլորովին պիտի ազատիմ,− ըսավ իր բարեկամին։

− Ուրեմն պետք է, որ տունը գտնվիս, այս վերջին իրիկունը։

− Ընդհակառակը, ճաշի չպիտի երթամ և նույնիսկ գիշերն ալ տուն չպիտի վերադառնամ, որ երթա հասկնա,− գոչեց Ղուկաս էֆենտի։

Վաճառականը ոևէ գաղտնիք չուներ Քերովբե էֆենտիեն և իր ընտանեկան բոլոր խնդիրները պարզած էր անոր, մանավանդ որ ան ալ կերպով մը իրեն մեղսակիցը կհամարվեր, ուստի այդ խոսքերը չզարմացուցին զինքը։

− Լավ, թող ըսածիդ պես ըլլա, միայն թե ինչպե՞ս ժամանակ պիտի անցնենք, առաջուց որոշում մը տվա՞ծ ես…

− Նախ կերթանք քիչ մը կխմենք, հետո աղեկ ճաշ մը կընենք, ալ անկե ետքը աստված ողորմած է։