Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Վերը աստված՝ վարը դուն, Շազիկ հանըմ, ինչ որ ըսես, ան պիտի ընեմ։

− Այն ատեն բնավ մի վախնար, քեզի դպչող չըլլար, ես կեցեր եմ…

Տիկին Շազիկ այս խոսքերը արտասանելե ետք մեկնեցավ եկեղեցիեն։ Կինը ուրախութենեն կտրոփեր․ իր տարած հաղթությունը զինքը գինովցուցած էր ու կարող չէր հանդարտ մնալ։ Ուզեց երթալ իր բարեկամներուն հաղորդել եղելությունը, պարծենալ, հպարտանալ։

Մյուս կողմե տիկին Սաթեն ալ վստահ էր, թե ժամկոչը ճամփված է, այցելություններ կուտար թաղին մեջ և իր հաղթությունը կհռչակեր։

− Տեսա՞ք եկեղեցիին մեջ երեկ առտվան եղածը,− կհարցներ իր բարեկամուհիներուն։

Ոմանք տեսած էին և ուրիշներն ալ լսած, այնպես որ ամենքն ալ ծանոթ էին խնդրին։

− Շատ անվայել բան է տիկին Շազիկին ըրածը,− կպատասխանեին իրեն։

− Ըրա՛վ, բայց հետո ինքը խաղք եղավ…

− Ի՞նչպես…

− Էրիկս գնաց այս առտու իսկ վռնտել տվավ ժամկոչը։

− Իրա՞վ կըսես։

− Հապա՞… այդ չըլթիկին դասը չպիտի՞ տայի…

− Է՛յ, ապրի՛ս, տիկին Սաթեն, շատ աղեկ ըրեր ես, թող էրթա սորվի տե, ուրիշ ատեն նորեն չընե։

Այսպես մինչև իրիկուն ամբողջ թաղին մեջ տարածվեցավ ժամկոչ Վարդանի խնդիրը, միայն թե իրողությունը երկու տեսակ կպատմվեր։ Ըստ ոմանց՝ Վարդան մնացեր էր իր պաշտոնին մեջ, ըստ ուրիշներուն՝ ճամփված էր։

Մեկ քանիները իրողությունը ճշտելու համար եկեղեցի գացած էին ու տեղվույն վրա քննություն մը կատարած։

Իրիկունը, երբ Մարգար էֆ. տուն դարձավ, շատ ուրախ տրամադրության մեջ գտավ իր կինը։ Տիկին Սաթեն այլևս իր արժանապատվությունը վերահաստատված կհամարեր։

− Այս փոթորիկն ալ անցուցինք, − մտածեց Մարգար էֆենտին։

Կերակուրեն ետք Միհրանիկ էֆ. և կինը այցելության եկան։