Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հազիվ թե նստած էին՝ տիկին Նվարդ ըսավ.

− Ժամկոչը չէ ճամփվեր…

− Հե՞,− գոչեց տիկին Սաթեն, նստած տեղեն վեր ցատկելով…− անկարելի բան է։ Ո՞ւրկե իմացար։

− Միհրանիկ էֆ. պատմեց։

− Սխալ ըլլալու է,− միջամտեց Մարգար էֆենտի, անպատճաո ճամփած են… խոսք տվին նե։

− Միհրանիկ էֆ. դուք ո՞ւրկե լսեցիք, որ չէ ճամփվեր,− հարցուց Սաթեն։

− Իրիկունը Ռափիկ աղան տեսա, ան ըսավ։

− Ուրեմն լուրը շիտակ է,− դիտել տվավ Սաթեն, հուզումեն դողահար ձայնով մը։

− Էֆենտի՛մ,− բացատրեց Միհրանիկ,− այս առտու Մանուկ աղան և Ռափիկ աղան ժամ գացեր են Վարդանը ճամփելու, ինչպես որ որոշած էին և իրենց որոշումը Պողոս էֆ-ի ալ հաղորդած ու անոր հավանությունը առած, բայց ահա Պողոս էֆ. կուգա և կըսե, որ պետք է մյուս թաղականներուն ալ հավանությունը առնել։ Թեև Մանուկ աղա կպնդե, որ ժամկոչը անմիջապես ճամփվի, սակայն անկարելի կըլլա Պողոս էֆ. համոզել և խնդիրը կմնա հառաջիկա կիրակի օրվան…

− Ես ալ արդեն նույն բանը ուրիշ տեղ ալ լսեցի, թեև տարբեր կերպով,− ըսավ Նվարդ։

− Դուք ի՞նչպես լսեցիր,− հարցուց Սաթեն, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Թագուկ հանըմը տեսա, ան պատմեց, որ Շազիկը այսօր իրենց գացեր և ըսեր է, որ թեև ժամկոչը պիտի ճամփեն եղեր, բայց ինքը ոտք կոխեր, թող չէ տվեր… ես քանի որ կեցած եմ, այդ ժամկոչը չճամփվիր, ըսեր է…

Այս հայտնությունները բոլորովին կատղեցուցին տիկին Սաթենին, որը կաս-կարմիր կտրած իր ամուսնույն վրա գնաց պոռալով․

− Հիմա ի՞նչ պիտի ընես․․․

Մարգար՝ շվարած, շփոթված՝ չէր գիտեր ինչ պատասխաներ կնոջը։

− Չխոսի՞ս,− գոչեց այս վերջինը։

Ճանը՛մ, կեցի՛ր, իրար մի՛ անցիր, խնդիրը աղեկ մը քննենք, հասկնանք…