Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաղին երկու երևելիներուն միջև ծագած պայքարը բնականաբար ընդհանուր խոսակցության նյութ դարձած էր և նույնիսկ երկու որոշ հոսանքներ առաջ եկած էին։ Մարգարյան հոսանք և հակամարգարյան հոսանք։

Թաղին մեջ կուսակցական երիտասարդություն մը կար, որ իր հատուկ խմբատեղին ուներ «Պայքար Լսարան» անունով։ Այս լսարանի անդամներեն մին, ընկեր Կայծունի, ժամկոչին խնդիրը սեղանին վրա դրած էր.

− Դիրքերնիս ճշտենք,− ըսելով։

Ըստ ընկեր Կայծունիի, հարցը հասարակական հանգամանք ուներ։ Մենծ աղայական կամայականությունն էր, որ իր ամենազոր բազուկով կուզեր ջախջախել ընչազուրկ դասակարգի ներկալացուցիչներեն մին։

Իհարկե, Վարդան աղբոր անձը ոևէ նշանակություն չուներ, բայց այս պարագային Վարդան կներկայացներ պրոլետարիան, որան դեմ կցցվեր դրամագլուխը՝ հանձին Մարգար էֆենտիի։ Պետք չէր թույլատրել, որ ժամկոչը զոհ երթար հարուստի մը քմահաճույքին։

Ընկեր Կայծունի, որ զուրկ չէր ամբոխավար պերճախոսութենե մը, շատ դյուրավ կրցավ համոզել իր ընկերները, որոնք իսկույն որոշեցին գործոն կերպով միջամտել խնդրին։

− «Պայքար Լսարանը» արտահայտված է ի նպաստ ժամկոչ Վարդանի և որոշ դիրք պիտի բռնե։

Երբ այս բանը իմացվեցավ թաղին մեջ՝ բավական հուզում առաջ բերավլ։

Ուրիշ կուսակցություն մըն ալ Ակումբ մը ուներ թաղին մեջ «Շանթ Ակումբ»-ը, որուն անդամները բնականաբար կատաղի հակառակորդներ էին «Պայքար Լսարան»-ին։

«Շանթ Ակումբի» վարիչ ուժը կնկատվեր ընկեր Սուսերյանց։ Այս վերջինը երբ իմացավ հակառակորդ կողմին տրամադրությունը, առանց վարանելու վճռեց։

− Մենք պետք է Մարգար էֆենտին պաշտպանենք։

− Բայց մեր սկզբունքնե՞րը,− դիտել տվավ վեհերոտ անդամը։

− Մեր սկզբունքները կրնանք համաձայնեցնել մեր ընթացքին։

Եվ ընկեր Սուսերյանց իսկույն Ակումբին անդամները արտասովոր նիստի մը հրավիրելով՝ պարզեց իր տեսությունը։