Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր խմբովը, ո՛չ նվազ հաղթականորեն, կերթար դեպի «Շանթ ակումբը»։

Երկու խումբերը հաղթանակ տարած ըլլալու անուշ պատրանքը ունեին, թեև իրականության մեջ այդ պատրանքը արդարացնող բան մը չէր պատահած։ Թաղականները մեկնած էին առանց որոշում մը տալու։

Անհամաձայնությունը ծայր տված էր Թաղական Խորհուրդին մեջ։ Մանուկ աղա և ուրիշ թաղական մը՝ Սարգիս էֆենտի՝ կպահանջեին, որ ժամկոչը անմիջապես ճամփվեր և գոհացում տրվեր Մարգար էֆենտիին։

Իսկ Պողոս էֆ. և ուրիշ թաղական մը կընդդիմանային ու պաշտպան կկանգնեին Վարդան աղբոր։ Ռափիկ աղա բացարձակ չեզոքություն կպահեր։

Մարգար էֆ. երբ իմացավ Թաղական Խորհրդի ապարդյուն նիստը, սաստիկ զայրացավ։ Ինքը կսպասեր, որ նույն օրը որոշումը տրվեր ու խնդիրը լմննար ժամկոչին ճամփվելով։

Տիկին Սաթեն գրեթե հիվանդ եղած էր իր կրած հուզումներեն, և երկու օրե ի վեր իր մոր տանը գացած էր։ Մարգար էֆ. դիտավորություն ուներ իրիկվան դեմ երթալու և կինը տուն բերելու։

Բայց ահա ժամկոչին խնդիրը առկախ մնալուն համար խեղճ մարդը չէր համարձակեր երթալ իր կինը բերելու։ Վստահ էր, որ Սաթենի առաջին հարցումը պիտի ըլլար…

− Ժամկոչը ճամփվեցա՞վ։

Եվ եթե ինք «ոչ տակավին» պատասխաներ, սոսկումով կերևակայեր առաջ գալիք փոթորիկը։

Մարգար էֆենտի կմտածեր, թե այս կացությունը չէր կարելի տևել, հարկ էր վճռական բան մը ընել, արմատական միջոցներու դիմել։

Մարդ ղրկեց և իր տունը հրավիրեց Մանուկ աղան, որուն վրա վստահություն ուներ և գիտեր, թե Թաղական Խորհուրդին մեջ անկեղծորեն իր դատը կպաշտպաներ։

− Աս ժամկոչին խնդիրը տակավին պիտի տևե՞,- հարցուց։

− Էֆենտիս, ի՞նչ գիտնամ,– պատասխանեց թաղականը,- պզտիկ խնդիր մը պարապ տեղը այսքան մեծցուցին և ձեր ալ սիրտը կոտրեցին…

− Բայց վերջապես ինչո՞ւ համար Պողոս էֆենտին այսչափ ընդդիմություն ցույց կուտա կոր․․․