Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իր կնկանը ձեռքը գործիք եղած է. անոր խոսքեն պարս չի կրնար կոր էլլել։

− Ամոթ չէ՞ իրեն… էրիկ մարդու մը կվայելե՞ իր կնոջ խելքովը կառավարվիլ։

Մարգար էֆենտի այս խոսքերը կըսեր առանց անդրադառնալու, որ ինքն ալ գրեթե նույն կերպով կվարվեր այս խնդրին մեջ։

Պահ մը լռելե ետքը հանկարծ գոչեց.

− Ենթադրենք, որ Պողոս էֆենտի իր կնոջ դրդումով այսպես կվարվի, իսկ դո՞ւք… դուք ալ անոր հրամաններուն կհնազանդիք։

− Մարգար էֆենտի, դուք լավ գիտեք, որ ես առաջին օրեն ժամկոչը ճամփելու կողմն էի և մինչև հիմակ ալ այնպես եմ ու ասոր համար բավական մեծկակ վեճեր ալ ունեցանք Խորհրդարանին մեջ, բայց ես առանձին ի՞նչ կրնամ ընել…

− Լսեցի, որ ուրիշ թաղական մըն ալ քեզի համակարծիք է եղեր․․․

− Այո՛, բայց թաղականին մեկն ալ Պողոս էֆենտիի կողմն է և որովհետև Ռափիկ աղան ալ բոլորովին չեզոք կմնա կոր, կարելի չէ բացարձակ մեծամասնություն կազմել։

− Ո՞վ է տեսնեմ, սա Պողոս էֆ-ին կողմը բռնողը։

− Էֆենտիմ, մյուսյու Գարեգինր… Գարեգին Կրիկյան։

Նեհի՞ է այդ մարդը։

− Սամիկյան վաճառատան առաջին գրագիրն է։

− Սամիկյան Հաճի Հակո՞բ էֆ-ին,− գոչեց Մարգար էֆենտին։

− Հրամմե՛ր եք…

− Առաջուց չըսեի՞ր ուրեմն,− գոչեց Մարգար էֆենտի գոհունակությամբ,− հիմա խնդիրը դյուրացավ։

− Մյուսյու Գարեգինը կճանչնա՞ք ուրեմն։

− Չէ, զինքը ճանչնալու պետք չունիմ,− պատասխանեց Մարգար էֆենտի արհամարհոտ ձայնով մը,− բայց Սամիկյան էֆենտին մտերիմ բարեկամս է, միասին ալ գործ ունինք, մեկ խոսքս կբավե, որպեսզի այդ Գարեգինին ականջեն քիչ մը քաշե։

− Այդ տարբեր բան,− ըսավ Մանուկ աղա,− միայն թե, մյուսյու Գարեգինը քիչ մը տարօրինակ երիտասարդ է, ամեն խնդրի մեջ սկզբունքով կվարվի և շատ դյուրավ տեղի չի տար, մանավանդ որ արժանապատվության զգացումն ալ շատ զորավոր է իր մեջ… ուղղամիտ և պարկեշտ անձ մըն է, այս խնդրին մեջ