Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն պես ջոջ վաճառական մը, իր մտերիմ բարեկամն էր և որոշեց անոր մոտ դիմում մը ընել։

− Թերթերուն մեջ ալ բան մը գրել տալու է,− խորհեցավ,− վաղը Նշանիկը բերել տամ և ըսեմ, որ սանկ ակնարկություն մը գլտորցնե․․․

Նշանիկ թերթի մը լրաբեր խմբագիրն էր և ծանոթ Մարգար էֆ-ին, որուն հետ հեռավոր ազգականություն մըն ալ ուներ․ ազգականություն՝ զոր վաճառականը անգիտանալ կձևացներ և զոր Նշանիկ ամեն առթիվ կհիշեր։

Հետևյալ օրն իսկ վաճառականը ուղղվեցավ իր բարեկամին՝ Քերովբե էֆ. Քյություկյանի գրասենյակը։

− Վա՜յ, Մարգար էֆ․, այս ի՞նչ հով փչեց,− գոչեց Քերովբե,− ոտքի ելնելով ու իր հյուրին թիկնաթոռ մը հրամցնելով։

− Ասկե կանցնեի, մեյ մը վեր ելլամ, Քերովբե էֆ-ին տեսնեմ, միասին մեյ մեկ սուրճ խմենք՝ ըսի…

− Շատ աղեկ ըրիր։

− Զբաղած ե՞ս… գործիդ արգելք չըլլամ։

− Չէ՞, ճանը՛մ, պարապ նստեր էի, սիրտս կնեղնար − աղեկ որ եկար։

Եվ վաճառականը նստած տեղեն պոռաց դուրսը գտնվող ծառային։

− Արթի՛ն, երկու հատ աղվոր սուրճ ըսե մեզի, հետը թող պաղ ջուր ալ բերեն։

Երկու բարեկամները բավական տեսակցելե ետքը, օրվան քաղաքականության և առևտրական հրապարակին մասին, Մարգար էֆ. հանկարծ ըսավ.

− Աղեկ միտքս ինկավ, Քերովբե էֆենտի, քեզի խնդիրք մը ունիմ։

− Հրաման ըրե՛, էֆենտիս։

− Դուն Քաղաքական ժողովին անդամ ես, անանկ չէ՞…

− Անարժանաբար… ի՞նչ կա որ։

− Կեցի՛ր պատմեմ։

Եվ Մարգար էֆենտին մանրամասնորեն պատմեց ժամկոչ Վարդանի խնդիրը և անոր առած ահագին համեմատությունը թաղին մեջ։

− Եթե գործը այս հանգամանքը չառներ, հոգս անգամ չէ,– եզրակացուց Մարգար էֆենտի,− բայց հիմա ալ արժանապատվության