Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիր դարձած է ինծի համար… այդ ժամկոչը հոդ չի կըրնար մնալ…

− Այսպես է,− հաստատեց Քերովբե էֆենտի։

− Դուն ալ եթե իմ տեղս ըլլայիր, այդպես չպիտի՞ վարվեիր։

− Բնականաբար։

− Հիմա դուն իբրև Վարչության անդամ չե՞ս կրնար այդ ժամկոչը հոնկե վռնդել տալ։

Քերովբե էֆենտի պահ մը մտածեց, ճակատը շփեց և ըսավ.

− Ինչպե՞ս կարելի է միջամտել, երբ խնդիրը Վարչության սեղանին վրա չէ։

− Ճանըմ, բերնե-բերան իմացած կըլլաք և թաղին մեջ տիրող հուզումը հանգստացնելու համար թաղական խորհրդին հրաման կընեք, որ Վարդան աղբարը ճամփվի։

− Չըլլա՛ր։ Մարգար էֆենտի, չըլլա՛ր, մենք մեր կողմե չենք կրնար միջամտել, ուրիշ ճամփա մը գտնելու է…

− Մտածե տեսնենք, դուն ասանկ գործերու մեջ ավելի փորձառություն ունիս։

Քերովբե էֆենտի սիկարեթ մը վառեց, մուխը դեպի ձեղունը արձակեց ու ըսավ.

− Թաղեցիներուն տրամադությունն ի՞նչ է ժամկոչին ու Թաղական Խորհուրդին հանդեպ։

− Ամենքն ալ այս եղած խաղքությունը կդատապարտեն կոր…

− Նույնիսկ կարծեմ ըսիք, որ Թաղական Խորհրդին մեջ ալ երկու անդամ ժամկոչին հակառակ են։

− Այո՛,− հաստատեց Մարգար էֆենտի,− Մանուկ աղան և մեյ մըն ալ ուրիշ մը։

− Այն ատեն տեսեք ինչ կընեք. թաղեցիները թող բողոքագիր մը մատուցանեն մեզի, մյուս կողմե ալ երկու թաղականները պատճառաբանյալ հրաժարական մը տան, այն ատեն Վարչությունը իրավունք կունենա միջամտելու, քննություն կատարելու և պարտ ու պատշաճը տնօրինելու։

− Բայց ատով խնդիրը որչափ մեծցուցած պիտի ըլլանք։

− Ի՞նչ ընենք, ուրիշ կերպ մենք չենք կրնար միջամտել։

Երկու բարեկամները քիչ մը ևս շարունակեցին իրենց խոսակցությունը, և Մարգար էֆենտի հրաժեշտ առնելով մեկնեցավ։