Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավ վարժարանին երիտասարդ ուսուցիչը, պարոն Թորգոմ, ձեռքը թերթ մը բռնած, հուզված, բարկացած կերպարանքով մը։

− Աս ի՞նչ խաղքություն է,− գոչեց սրճարանին մեջտեղ կանգ առնելով ու լրագիրը ցույց տալով։

− Ի՞նչ կա,− հարցուցին մեկ քանի հետաքրքիրներ։

− Չկարդացի՞ք,− պոռաց ուսուցիչը։

− Մյուսյու, կարդա նայինք, մտիկ ընենք,− ձայնեց մեկը։− Մեր թաղին համար բա՞ն մը գրված է։

− Ժամկոչին խնդիրը գրեր են, իրողությունը բոլորովին խեղաթյուրելով,− գոչեց Թորգոմ, որուն ձայնը հուզումեն կդողդղար։

− Բարձրաձայն կարդա՛, մտիկ ընենք։

− Անմիջապես բողոքելու է այս գրվածքին դեմ,− շարունակեց ուսուցիչը, թերթը բանալով։

Եվ սկսավ բարձրաձայն կարդալ․

«Ք․ թաղին մեջ այս միջոցիս մեծ հուզում մը կտիրե ժամկոչի խնդիրի մը առթիվ։ Տեղվույն եկեղեցիին ժամկոչը՝ կոշտ ու անկիրթ մարդ մը, իր անքաղաքավար վարմունքով վշտացուցած է տեղվույն ծանոթ ընտանիքները, որոնք այլևս եկեղեցի չեն հաճախեր քանի մը շարաթե ի վեր։ Մյուս կողմե՝ պատվավոր թաղեցիներ դիմում ըրած են Թաղական Խորհրդին ու պահանջած ժամկոչին արտաքսումը։ Բայց Թաղական Խորհրդի ատենապետը և իր մեկ քանի արբանյակները, չի գիտցվիր ինչ մութ ու թաքուն հաշիվներով, կհամառին ոտնակոխ ընել ժողովրդին կամքը և ժամկոչը պահել իր պաշտոնին վրա, հուզումի մատնելով թաղը։ Կլսենք, թե Թաղական Խորհրդի մեկ քանի անդամները իրենց ատենապետին ընթացքեն զզվելով հրաժարական տված են։ Կըսվի նաև, որ թաղեցիները հանրագրություն կպատրաստեն, մատուցանելու համար»։

− Ասանկ սուտ կգրվի՞,− պոռաց Թորգոմ, ընթերցումը ավարտելով։

− Գրվածքը բեք սուտ չէ,− դիտել տվավ ներկաներեն մին, որ ապահովաբար Մարգարյան կուսակցության կպատկաներ։

− Ո՞ր թաղականները հրաժարական տված են, ո՞վ է հանրագրություն պատրաստողը,− պոռաց ուսուցիչը հետզհետե բորբոքվելով։

− Ես այս առտու Մանուկ աղան տեսա, ըսավ որ պիտի հրաժարի եթե ժամկոչը չճամփվի։