Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Պիտին ուրիշ՝ հրաժարեցավը ուրիշ․․․

− Ճանը՛մ, ըլլալիքը առաջվնե գրեր է, մի երկնցներ։

− Ի՞նչ իրավունք ունի Պողոս էֆենտիի նման անձի մը մասին ասանկ ծանր ու նախատական ակնարկություններ ընելու։

− Ան ալ թող տեղը ծանր նստի… շատ աղեկ կրնար ժամկոչը ճամփել։

− Ինչո՞ւ պիտի ճամփե, քանի որ մարդը անմեղ է։

Եվ ահա ամբողջ սրճարանը մասնակցեցավ վիճաբանաթյան, վիճաբանություն, որ հետզհետե սաստկացավ կռվի փոխվելու աստիճան

Բարեբախտաբար կերակուրի ժամը հասավ և ամեն մարդ անոթութենե խթանված մեկնեցավ, ստամոքսի հրամայողական պահանջին զոհելով ժամկոչ Վարդանին խնդիրը։

Եվ սակայն լրագրին հոդվածը սրճարանական այս փոքրիկ հուզումին մեջ չսահմանափակվեցավ, այլ ընդհանուր իրարանցում պատճառեց թաղին մեջ և ընդդիմադիր հոսանքները ավելի լարեց իրարու դեմ։

Պողոս էֆ. երբ կարդաց թերթը, սարսափելի բարկություն մը զգաց։ Սպառնացավ թերթին դեմ դատ բանալու, գրողը պատժել տալու և այլն։ Բայց հետո իր բարեկամներուն խորհրդով հրաժարեցավ ծայրահեղ միջոցներեն և որոշեց գոհանալ հերքումով մը։

Մարգար էֆ. շատ գոհ մնաց գրվածքեն ու դեմը ելլողին ըսավ.

− Տեսա՞ք, ինչ աղեկ մը լվացեր են Պողոս էֆենտին… ես գրել տվի և տակավին գրել պիտի տամ, ամենքը պիտի խայտառակեմ, որ երթան սովրին… որ տեսնեն, թե ինծի հետ իյնալը ինչ կնշանակե… «հեր գուշուն էթի եհմեզ»։

Բայց վաճառականին հաղթանակը երկար չտևեց, որովհետև նույն թերթը մյուս օր, իր ազգային լուրերուն մեջ կգրեր․

«Երեկ Ք. թաղի ժամկոչի խնդրին մասին գրած էինք, բայց այժմ արժանահավատ աղրյուրե կիմանանք, թե մեզ տրված տեղեկությունները դիտմամբ չափազանցված և խեղաթյուրված են։ Ժամկոչը պարտաճանաչ և պարկեշտ անձ մըն է, որ իր հեզահամբույր բնավորությամբ սիրելի դարձած է թաղեցիներուն, որոնք այս խնդրին մեջ բացարձակապես համաձայն են Թաղ. Խորհրդին հետ, որուն անդամներեն ոչ ոք հրաժարված է մինչև ցարդ։ Կերևա, որ խնդիրը ծագում առած է թաղին ջոջ աղաներեն մեկուն բռնած կամայական ընթացքեն»։