Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Աղեկ ա,− գոչեց ծերուկը,− քանի որ խիղճդ չներեր, հրաժարե՛, քաշվե՛ գործին մեջեն։

− Այդ վատությունն ալ չեմ կրնար ընել։

− Ուրեմն ի՞նչ ընել որոշած ես։

− Թաղական պիտի մնամ և մինչև ետքը պիտի աշխատիմ ժամկոչը պաշտպանելու,− ըսավ Գարեգին վճռաբար։

− Բայց տղաս, դուն աղեկ գիտես, որ ես ինչ հարաբերություններ ունիմ Մարգար էֆ-ին հետ և թե չեմ ուզեր իրեն հետ ավրվիլ։

− Զարմանալի բան, դուք խնդրին մեջ բնավ բաժին չունիք, ինչո՞ւ համար ձեզի դեմ բարկանա։

− Ինո այդպես չըսեր կոր, ընդհակառակը, ըսավ, որ վշտացած է ինծի դեմ իմ պաշտոնյայիս ինծի հանդեպ բռնած թշնամական ընթացքին համար։ Նույնիսկ հասկցուց, որ գոհ պիտի մնար, եթե քեզ ճամփու դնեի։

− Դուք ի՞նչ պատասխանեցիք։

− Ըսի, որ քենե դժգոհանալու բան մը չեմ ունեցած տասը տարիե ի վեր, հետևաբար ատանկ խնդրի մը համար չեմ կրնար քենե բաժնվիլ։

− Շնորհակալ եմ,− պատասխանեց Գարեգին։

− Բայց ի փոխարեն խոստացա քեզի խորհուրդ տալ, որ կամ թաղականութենե հրաժարիս և կամ գոնե Մարգար էֆ-ի կամքը կատարես։

− Այսինքն՝ խղճիս դե՞մ գործեմ։

− Հրաժարե՛, էֆենտիմ։

− Եթե այս խնդիրը չըլլար, ձեզի հաճույք մը պատճառելու համար կհրաժարեի, բայց հիմա անկարելի է, արժանապատվությունս չներեր, որ հրաժարիմ։

− Ուրեմն կմերժե՞ս իմ խորհրդիս հետևիլ։

− Ցավոք սրտի, ուրիշ կերպ չեմ կրնար ընել։

− Այն ատեն ես ի՞նչ պատասխան պիտի տամ Մարգար էֆ-ին… ինծի շատ դժվար կացության մը մեջ կդնես կոր։

− Կցավիմ, որ ուրիշ կերպ չպիտի կրնամ վարվիլ։ Ես միշտ պատիվս ու արժանապատվությունս ամեն բանե վեր դասած եմ։

− Մյուսյու Գարեգին, դուն սա բռնած ընթացքիդ հետևանքներուն վրա չես մտածեր կոր։

− Չեմ գիտեր, թե ի՞նչ ըսել կուզեք… բայց անկեղծորեն ձեզի հայտնեմ, որ եթե այնքան կվախնաք Մարգար էֆենտիի բարկութունեն,