Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Անիկա եկած չէր, տունը լուր ղրկեցի, ըսեր էին, որ հիվանդ է եղեր… կերևա, որ դիտմամբ չէր եկած։

− Գարեգինը ի՞նչ դիրք բռնեց,− հարցուց Մարգար էֆենտի։

− Ան էր արդեն գործը ավրողը,− գոչեց Մանուկ,− եթե ան չըլլար՝ Պողոս էֆենտիին պիտի համոզեինք թերևս, բայց ինք այնքան համառորեն պաշտպանեց ժամկոչը, որ կարելի չեղավ բան մը ընել։

− Վա՞յ, այսպես հա՞,− ըսավ վաճառականը,− Գարեգինը ժամկոչ Վարդանի կո՞ղմը բռնեց։

− Եվ անանկ եռանդով մը, որ շիտակը զարմացա։ Երբեք այսչափ բուռն ընդդիմություն մը չէի սպասեր իր կողմե, թեև գիտեի, որ նախապես Պողոս էֆ-ին կուսակից էր ալդ խնդրին մեջ։

− Իսկ մյո՞ւս թաղականը, որ քեզի հետ էր…

− Սեղբո՞ս էֆենտին։

− Այո։

− Ան խեղճ մարդը միշտ ինծի հետ է, բայց ի՞նչ կրնա ընել։

− Բայց, վերջապես, ի՞նչ որոշում տվիք տեսնենք։

− Ոչի՛նչ, բացարձակապես ոչի՛նչ։

− Ըսել է Վարդանը պիտի մնա,− ըսավ տիկին Սաթեն, կատաղութենե թրթռուն ձայնով մը։

− Անանկ կերևա…

Մարգար էֆենտի, ոտքի ելած, սենյակին մեջ վեր-վար կքալեր, անընդհատ սիկարեթ ծխելով։ Հայտնի էր, որ վրեժխնդրական ծրագիրներ կորոճար իր մտքին մեջ։ Այս նոր ու անակնկալ պարտությունը սարսափելի կերպով ազդած էր իր վրա ու ալ կարողություն չուներ պաղարյունությունը պահելու։

Տիկին Սաթեն նույնպես սաստիկ հուզված էր. կատաղի նայվածքներ կարձակեր աջ ու ձախ և չէր կրնար խոսք մը գտնել ըսելու։ Տիկին Նվարդ նշմարեց իր բարեկամուհիին վիճակը և քովը երթալով՝ ըսավ.

− Եկուր քիչ մը վերը սենյակդ երթանք հանգստանաս, շատ անհանգիստ կերևաս կոր, ջիղերգ ոտքի ելած են։

− Դուն իմ տեղս ըլլայիր չպիտի՞ հուզվեիր,− գոչեց տիկին Սաթեն ոտքի ելնելով ու իր բարեկամուհիին հետևելով,− այս ի՜նչ խաղքություն, ի՜նչ նախատինք, ի՜նչ ամոթ… այս գեղը ձգել փախչելու է, ուրիշ ճար չի կա։

Երբ երկու կիները մեկնեցան, Մարգար էֆենտի, որ ինչպես ըսինք,