Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ուրեմն այս իրիկուն երեքս գլուխ գլխի տանք և ընելիքներս որոշենք։

Մինչև իրիկուն երկու նշանածները հաճելի ժամանակ մը անցուցին։

Գարեգին բոլորովին մոռցած կթվեր իր ունեցած վեճը վաճառականին հետ, կամ գոնե առժամապես չէր մտածեր անոր վրա։

Ընդհանրապես, երբ կիրակի օրերը այցելության գար, գիշերը հոն կմնար, բայց այս անգամ ստիպողական գործ մը պատրվակելով չուզեց մնալ, հակառակ Նարդիկի և իր մոր ստիպումներուն։

Գարեգին անգամ մը որ բաժնվեցավ նշանածեն ու նավամատույցի ճամփան ձեռք առավ, կորսնցուց իր զվարթությունը և կրկին ինկավ մտահոգության մեջ։ Իր տված որոշումին ծանր հետևանքները հետզհետե կցցվեին իր աչքի առջև։ Ինքնավստահությունը կամաց-կամաց խույս կուտար իրմե և ապագայի անորոշությունը զինքը կտագնապեցներ։

Հետո, եթե Սահակ աղա և իր կինը չուզեին իրեն աղջիկ տալ ու խզեին նշանը, ի՞նչ պիտի ըլլար իր ու Նարդիկին վիճակը, որովհետև Գարեգին գիտեր, որ մանկամարդ աղջիկը բուռն ու անկեղծ սիրով կապված էր իրեն։

Ցերեկը, երբ առանձին մնացեր էին, մեկ քանի անգամներ մտքեն անցուցած էր իրողությունը պարզել նշանածին, բայց չէր համարձակած, չէր ուզած Նարդիկին զվարթությունը տխրության փոխելու։

− Եթե խոսք բանայի, կմտածեր հիմա՝ շոգենավին վերնահարկը նստած, վստահ եմ, որ Նարդիկ ինչ որ ալ ըլլար իմ նյութական վիճակս, չպիտի ուզեր նշանը խզել։ Սխալ մը գործեցի իրողությունը իրեն չպարզելով։ Պետք էր ամեն բան ըսել ու միևնույն ատեն հուսադրել զինքը։ Հիմա որ հորմե պիտի իմանա ամեն բան և թերևս իր ծնողքին ճնշումին ներքև տեղի տա և վաղը Սահակ աղա խոսք-կապի մատնին ինձ վերադարձնե…

Այս հավանականությունն ալ ավելի սաստկացուց երիտասարդին հոգեկան տագնապը։

Ինքնաբերաբար ձեռքը տարավ այն գրպանը, ուր կգտնվեր հրաժարականը, պահարանի մը մեջ դրած, կազմ ու պատրաստ, զոր հետևյալ առտու կանուխ պիտի տաներ հանձներ վաճառականին։