Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Քանի մը հոգի ուզածնուն պես կդարձնեն կոր, հարցնող փնտռող չի կա։

− Օձիքնեն բռնելու դուրս նետելու է։

− Վարդապետը ինչո՞ւ կարգադրություն մը չըներ կոր։

Ահա այս տեսակ խոսքեր կլսվեին ամեն կողմ։

Մանուկ աղային հրաժարականը, որուն հաջորդած էր նաև Ռափիկ աղայինը, որ ի վերջո չէր կրցած իր չեզոքությունը պահել, խախտած էր Պողոս էֆ-ի դիրքը։

− Տեսեք, պարկեշտ մարդիկ,− կըսեին Մարգար էֆ-ի կուսակիցները Մանուկ և Ռափիկ աղաներու հրաժարականին ակնարկելով,− տեղի ունեցած խաղքությունները տեսան՝ քաշվեցան մեկ կողմ։

− Մարդ էին նե՝ թող կենային՝ զեղծումները երևան հանեին,− կպատասխանեին Պողոսյաններն ալ։

Հիմա Թաղ. Խորհրդին մեջ մնացած էին Պողոս էֆ․, Գարեգին և Մկրտիչ աղան։ Այս վերջինը լուռ ու համակերպող մարդ մըն էր, որ միշտ իր պաշտոնակիցներուն ազդեցության կենթարկվեր։ Այնքան ատեն որ Մանուկ թաղական էր, Մկրտիչ անոր համակարծիք գտնված էր, իսկ երբ Մանուկ աղա քաշված էր թաղականութենե՝ ինքն ալ կարծիքը փոխած ու Պողոս էֆենտիի միացած էր, այնպես որ այժմ թաղական Խորհրդի մեջ երկպառակություն չկար։

Բայց ամբողջ թաղը, ինչպես ըսինք, երկու թշնամի բանակներու փոխված էր։ Նույնիսկ կռիվներ տեղի կունենային հաճախ, որոնք երբեմն ալ ծեծով կվերջանային։

«»Պայքար Լսարանի» անդամները մանավանդ կատղած էին իրենց պարտութենեն ի վեր և առիթ կփնտռեին վրեժ լուծելու։ Ընկեր Կայծունի հուր ու բոց կտեղար օրն ի բուն և կջանար շարքերը ամրացնել վճռական պատերազմի մը համար։

Կիներու մեջ ալ պայքարն ու հակառակությունը ոչ նվազ բուռն էր։ Տիկին Սաթեն իր բարեկամուհիներով հալածանք մը սկսած էր տիկին Շազիկի դեմ, որուն վրա ամենեն անլուր ամբաստանությունները կտեղային։ Տիկին Շազիկ ալ ձեռքերը ծալած չէր նստեր և ինքն ալ իր կուսակիցներով բամբասանքներ կտեղար Մարգար էֆենտիի կնոջ գլխուն։

Մարգար էֆենտիի կուսակիցները պոյքոթ հռչակած էին եկեղեցիին ու դպրոցին դեմ և ասկե բավական կտուժեր Թաղ. ԽորհոՒրդԸ, որոՒն հասույթները զգալապես կպակսեին։ Վարժարանի