Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Եթե քննությունը տոքթ. Ծրարյանին հանձնված է, այժմեն կրնամ ապահով ըլլալ, որ վճիռը ի նպաստ ինծի պիտի տրվի։

Պողոս էֆ-ի այս վստահությունը կհենվեր սա պարագային վրա, թե՝ տոքթորը իր կնոջ մեկ հիվանդությունը խնամած էր երկար ատեն և այս առթիվ մտերմական հարաբերություններ մշակած էին իրարու հետ։

− Վաղը ցերեկ պետք է, որ անպատճառ զինքը կերակուրի հրավիրենք,− ըսավ իր կնոջ։

− Առանձին չենք կրնար հրավիրել, պաղ կփախչի, Սափորյան էֆ-ն ալ հրավիրելու է։

− Անանկ ընենք։

Վարչական երկու պատվիրակներու գալուստը բնականաբար նոր ոգևորություն մը առաջ բերավ ամբողջ թաղին մեջ։ Ամեն մարդ անհամբեր կսպասեր կիրակի օրվան։

− Վճռական ժամը վերջապես հնչեց, անմիջական արդարությունը իր ձայնը պիտի լսեցնե,− կըսեր մյուսյու Թորգոմ, վարժարանի ուսուցիչը, որ կզգար, թե իր պաշտոնի վրա մնալ կամ չմնալը այս պայքարի լուծումեն կախում ուներ։

− Սեղմենք մեր շարքերը և ամեն պատահականության հանդեպ պատրաստ գտնվինք,− կխրատեր ընկեր Կայծունին «Պայքար Լսարանի» անդամներուն։

− Վառոդնիս չոր պահենք կիրակի օրվան համար,−կհրամայեր ընկեր Սուսերյանց «Շանթ Ակումբի» անդամներուն։

Կարծես մեծ ճակատամարտի նախընդօրին մեջ կապրեին ամբողջ թաղեցիները։

Հասավ վերջապես կիրակի օրը։ Առտուն կանուխ եկեղեցին խռնված էր հետաքրքիրներու բազմությամբ։

Ամեն մարդ կուզեր տեսնել երկու Վարչական պատվիրակները, և եթե կարելի է, ազդել անոնց վրա։

Պողոս էֆենտի, Գարեգին և Մկրտիչ աղա սովորականեն ավելի կանուխ բազմած էին Խորհրդարանը։

Կեսօրին մոտ շշնկոց մը լսվեցավ։ «Կուգան կոր, եկան»։ Արդարև Վարչական պատվիրակներն էին, Սափորյան և Ծրարյան էֆենտիները. առաջինը նիհար, երկայնահասակ, լուրջ դեմքով մարդ մը, որ կարծես օրենքը կխորհրդանշեր իր բովանդակ խստության մեջ, երկրորդը, ընդհակառակը, կարճահասակ, կսկլոր մարդ մըն էր՝ ժպտուն դեմքով։