Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բավական կարևոր դատ մը ուներ ընկերովի ծախու առնված ընդարձակ հողի մը առթիվ, որովհետև ընկերը դժվարություններ կհարուցաներ և կուզեր հողին լավագույն մասերը իրեն սեփականել։

− Անուշությամբ գործը լմնցնել կուզեի, բայց անկարելի եղավ,− հայտարարեց Մարգար էֆենտի,− մանավանդ, որ 8-10 ոսկիի գործ մըն է։ Կուզեմ այս գործը ձեզի հանձնել, քանի որ ամեն անգամ գործ ունեցած ատենս ձեզի դիմած և գոհ մնացած եմ։

− Շնորհակալ եմ ձեր այդ խոսքերուն համար,− ըսավ փաստաբանը։

− Ես ճշմարտությունը կխոսիմ և ձեր երեսին ալ կըսեմ, որ փաստարաններուն մեջ ձեզի չափ անկեղծ, պարկեշտ, արդարասեր մարդ քիչ տեսած եմ… ես շողոքորթություն չեմ սիրեր, բայց ճշմարտությունն ալ չեմ ուզեր ծածկել։

− Գործին վերաբերյալ թուղթերը հո՞ս են,− հարցուց փաստաբանը առանց չափազանց կարևորություն տալու իրեն շռայլած գովեստներուն և ուղղակի կենսականին դիմելով։

− Չէ՛, գրասենյակս են,− պատասխանեց վաճառականը, վաղը առտու եկեք, ամենքն ալ ձեզի հանձնեմ։

− Շատ աղեկ։

Եվ Սափորյան էֆենտի ժամացույցը նայեցավ, ոտքի ելավ և ըսավ.

− Է՛, ատենը հասեր է, երթանք սա քննությունը ավարտենք, տոքթորը թերևս ինծի կսպասե։

− Դուն իմ վրաս վստահություն ունի՞ս, ինչպես որ ես քու վրադ ունիմ,− հարցուց Մարգար էֆենտի։

− Ի՞նչ ըսել է, բնականաբար,− փութաց պատասխանել փաստաբանը։

− Զիս իբրև պարկեշտ, անկողմնակալ, ուղղամիտ և խելացի մարդ կընդունի՞ս։

− Հարկավ…

− Լավ ուրեմն գիտցած եղիր, որ թաղականի այս խնդրին մեջ երկու գլխավոր հանցավորներ կան, մեյ մը Պողոս էֆենտին, մեյ մըն ալ ան զյուպպե մյուսյու Գարեգինը, ես մոտեն քննած, ուսումնասիրած եմ ամեն բան և անաչառորեն կխոսիմ, որովհետև ես չեզոք եմ։