Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անժխտելի ապացույցն է, բայց և այնպես չեմ կրնար հանգուրժել այն անիրավ կշտամբանքներուն, որոնք ուղղեցիք ինձ շաբաթ օրը։

«Գիտեմ թե ինչ դրդումներու հպատակելով վարվեցաք այդպես, բայց ասիկա, ոչ թե արդարացում մըն է ձեզի համար, այլ ընդհակառակը ալ ավելի կդատապարտե ձեր ընթացքը,

Հաճեցեք ընդունիլ խորին հարգանքներս։

Գարեգին»

− Խե՞նթ է, ինչ է այս տղան,− մռլտաց Հակոբ էֆենտին, երբ նամակին ընթերցումը ավարտեց,− ասանկ պարապ բանի համար մարդ տասը տարվան պաշտոնը կթողու և կառնե կքալե՞։

Երիտասարդին այս հանկարծական մեկնումը շատ նեղացուց վաճառականը։ Ինչ պիտի ըներ հիմա, մեկ օրեն մյուսը կարելի չէր անոր պես մեկը գտնել։ Ու հետո տասը տարիե ի վեր Գարեգին մեծ փորձառություն ստացած էր վաճառատան մեջ, տեղյակ էր ամեն գործառնությանը և գրեթե ինքն էր, որ կվարեր ամեն բան, այնպես որ վաճառականը կրնար հաճախ բացակայիլ իր վաճառատունեն՝ վստահ ըլլալով, որ ամեն բան կանոնավորապես պիտի ընթանար։ Եվ ահա հիմա ամեն բան վեր ի վայր կշրջեր։

− Թերևս բարկության վայրկյանին բան մը ըրեր է,− մտածեց,− ինքն ալ պիտի զղջա հարկավ և պիտի ելլե գա… մեկ-երկու օր համբերենք։

Այս մտածումներուն մեջ էր, երբ սպասավորը եկավ և ըսավ թե Մարգար էֆենտին զինքը տեսնել կուզեր։

− Թող ներս հրամմե,− ըսավ Հակոբ էֆենտի։

Վաճառականը ներս մտավ ժպտուն դեմքով մը, թեև այս ժպիտին տակ ներքին մտահոգություն մը ծածկված էր։

− Հրամմեցե՛ք, բարի եկաք,− ըսավ Հակոբ էֆենտի ոտքի ելլելով ու իր հյուրին թիկնաթոռ մը ցույց տալով։

Հետո ավելցուց.

− Առտուն կանուխ, այսպես, խեր է ինշալլահ։

− Հոսկե կանցնեի կոր մեյ մը հանդիպիմ, ըսի,− պատասխանեց Մարգար էֆենտի,− շատ հույս չունեի ձեզ այս ժամուս հոս գտնելու։

− Մեկ քանի կարևոր գործեր ունեի՝ անոր համար այսօր սովորականեն կանուխ եկա։