Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Ես կամ ուրիշ ընկեր մը՝ կարևորություն չունի։ Անձի խնդիր չկա մեզի համար, այլ լոկ սկզբունքային խնդիր, հասարակական շահերու տեսակետ…

Վաճառականը իր երկու ընկերներուն հետ, ափհափո ցանկ մը պատրաստեց ու գրպանը դրավ, որպեսզի հետևյալ օրը Վարչության անդամ Քերովբե էֆենտիին ներկայացնե։

Ընկեր Կայծունի և Մանուկ աղա, բնականաբար այս ցանկին մեջ կերևային։

Հետևյալ օրը Մարգար էֆենտի գնաց իր բարեկամ Վարչության անդամին գրասենյակը և հոսկե, հոնկե քիչ մը խոսակցելե ետքը ըսավ․

− Իմացաք որ քննիչները իրենց տեղեկագիրը տվեր են Վարչության։

− Այո՛, տվին,− պատասխանեց Քերովբե էֆ.։

− Էյ, ի՞նչ որոշում տվիք։

− Դեռ բան մը չորոշեցինք։

− Ինչո՞ւ համար․․․ լսածիս համաձայն տեղեկագիրը բացարձակապես կգատապարտե կոր եղեր Թաղ. Խորհուրդը շատ մը փաստացի ապացույցներով։

− Այո՛, մեկ հատը այնպես է։

− Ինչպես մեկ հատը,− գոչեց վաճառականը։

− Երկու տեղեկագիր ղրկված է Վարչության,− պատասխանեց Քերովբե էֆենտի հանդարտությամբ։

− Այդպես բան կըլլա՞։

− Էֆենտիմ, երկու քննիչներ իրարու մեջ չեն կրցած համաձայնիլ, Սափորյան էֆենտիի պատրաստած տեղեկագրին ներքև տոքթ․ Ծրարյան էֆենտին չէր ուզած ստորագրել և ինքն ալ իր կարգին ուրիշ տեղեկագիր մը պատրաստած է։

− Ծրարյան էֆենտին ի՞նչ կըսե կոր իր տեղեկագրին մեջ․․․

− Սափորյան էֆենտիին ըսածներուն բոլորովին հակառակը… այսինքն Թաղ. Խորհուրդը բացարձակապես կարդարացնե կոր։

− Էյ, հիմա՞…

Քերովբե էֆենտի իբրև պատասխան, երկու ձեռքը բացավ, գլխու տարտամ շարժումով մը, ինչ որ թերևս կնշանակեր։

− «Եկուր տե՝ գործին մեջեն ելիր»։

− Սա ի՞նչ խաղքություն է,− գոչեց Մարգար էֆենտի զայրացած,