Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գաբուցի պայրաքտար Սուրբիկ կըսեին, առսրզ էտեփսիզ կնիկ մըն էր, աղջիկը շատ աղվոր էր, խեղճ Նիկողոս աղան հավնեցավ, վիճակին ալ մեղքցավ առավ, հուսալով, որ մորմեն հեռու մնա նե՝ կարգի կմտնա, եկուր տես, որ Անթառամ մայրն ալ պաստրմիշ ըրավ… ինչ որ է, մեր գործին նայինք։

Ղուկաս էֆենտի ալ չհամարձակվեցավ հարցուփորձը ավելի առաջ տանելու, քանզի կտեսներ, որ հայտնությունները հետզհետե անախորժ կդառնային։

Բայց հայտնի կերևար, որ Հակոբ աղա չէր զրպարտեր, այլ բուն ճշմարտությունը կխոսեր և այս բանն էր, որ մտածել կուտար Ղուկաս էֆենտիի։

− Եթե նշանտուքը ըլլալե, ծանուցվելե ետքը այս մարդը իր գիտցածները ասդին անդին պատմե, ի՞նչ կըլլա մեր պատիվը, — կխորհեր Ղուկաս էֆենտի, սիրտը դող ելած։

Եթե վստահ ըլլար, որ չպիտի խոսեր, այն ատեն խնդիրը կարևորություն չուներ, ընտանեկան պատիվը, բարոյականը ոևէ կերպով չէին կրնար արատավորիլ. ինք միայն պիտի գիտնար ճշմարտությունը և ինքն ալ խենթ չէր, որ ուրիշին իմացըներ։ Ուստի պետք էր ամեն միջոցով Հակոբ աղայի լռությունը ապահովել։

− Իրավ, թողունք Կոկիկյանները, թողունք մեկ կողմ և մեր գործին նայինք,— ըսավ,— ասկե զատ աղեկ բան չէ ասոր անոր ընտանեկան գաղտնիքներով զբաղվիլը… ամեն մարդ ինքզինքին դատավորն է, անցած գացած հին խնդիրները պետք չի կա խառնըշտելու։

− Իրավունք ունիս, էֆենտիս,— պատասխանեց Հակոբ աղա.— իմ մտքես անգամ չէր անցներ այդ խոսքերը բանալ, եթե դուք չհարցնեիք։

Ղուկաս էֆենտի կրկին քննեց գոհարեղենները և ըսավ…

− Ասոնց մեջ գործիս գալիք բաներ կան, բայց պետք է, որ մեյ մը կնոջս ալ ցույց տամ և անկե ետքը կորոշենք առնելիքներս… գինին մասին կհամաձայնինք, մեկ վեր, մեկ վար, վնաս չունի, դուն, Հակոբ աղա, պատվավոր ու պարկեշտ մեկը կերևաս կոր, իշալլահ միասին գործ կընենք…

− Իշալլահ, էֆենտի, ես ալ ձեր շնորհիվ քանի մը փարա կվաստկիմ։

− Ուրեմն, այսպես, քանի մը օրեն անցիր, պատասխանը կուտամ։