Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կմեծցնեն, կհուզվին… տես իմ կինս, խնդիրը իր վրա չըլլալով, հանդերձ, այնքան հուզվեր էր, որ գիշերը քունը չտարավ:

Ճանըմ, ես Սաթենին բան մը չեմ ըսեր, դուն պատմե,− պնդեց Մարգար էֆենտի, որ հետզհետե կհետաքրքրվեր։

− Իբր թե,− սկսավ Միհրանիկ,− անցած շաբաթ օր տիկին Սաթենը Բերա կերթա…

− Ճի՛շտ է, գնաց,− ընդմիջեց վաճառականը։

− Հոն Շիտակ ճամփուն վրա Թուլամիյե Փաթիսըրին կմըտնա…

− Այո՛, գացել էր ու քանի մը կաթո առեր էր… է՛յ, ի՞նչ կելլա ատկե։

− Ոչինչ, իբր թե այդ խանութը լավ համբավ չունի եղեր, իբր թե ժամադրության տեղ է եղեր և այլն։

− Ատ ալ կրնա շիտակ ըլլալ՝ բայց նորեն կարծեմ անպատեհություն մը չկա հոն մտնել, քանի մը կաթո առնել և դուրս ելլելուն մեջ, ոչ ալ նստել թեյ խմելու համար… որովհետև կհիշեմ, որ Սաթենը ըսավ թե՝ թեյ մը խմած էր այդ խանութը։

− Իբր թե,− շարունակեց Միհրանիկ,− իր ետևեն անմիջապես մարդ մը մտեր է այդ խանութը։

− Ի՞նչ մարդ։

Ճանըմ, պատվավոր, շնորհքով, ծանոթ մարդ մը… կասկածելի բան մը չի կա գործին մեջ։

− Այս մարդուն անունը ավե՞ր է Շազիկը։

− Այո՜…

− Ո՞վ է եղեր…

− Խոսրով էֆենտի Քանասարյանը։

Հազիվ թե Միհրանիկ այս անունը արտասանեց՝ վաճառականին դեմքը այլայլեցավ, ձեռքը թեթև մը դողաց ու պատառաքաղը հետին ձգեց, բայց իսկույն ինքզինքը ժողվեց հուզումը ցույց չի տալու համար, թեև Միհրանիկ արդեն բան մը նշմարած չէր։

− Էյ, հետո՞,− հարցուց իր սեղանակցին։

− Հետո, իբր թե բավական հոն մնալե ետքը դուրս են եկեր։

− Միասի՞ն…

− Չէ, ճանըմ, զատ-զատ։

Վաճառականը այնքան հուզված էր, որ պահ մը լուռ մնաց ինքզինքը չմատնելու համար։

− Ահա՝ այս խենթ ու խելառ, մանավանդ անիմաստ պատմությունն է, որ մեր Նվարդը բարկացուցած էր: