Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական մաքառել մինչև որ հաջողեցավ Սաթենի հետ ամուսնանալ։

Բնականաբար ալ անկե ետքը Խոսրովի ա Սաթենի հարաբերությունները դադրեցան, թեև վաճառականը առաջին ամիսները կասկածե ու նախանձե դրդված, խիստ հսկողություն մը կկատարեր իր կնոջ շուրջը։ Տարի մը վերջը Խոսրով ալ իր կարգին կամուսնանար։ Այս պարագան բոլորովին հանդարտեցուց վաճառականը, որ ալ չմտածեց իր նախկին հակառակորդի վրա։ Տարիներե ի վեր անոր գոյությունն իսկ մոռցած էր, քանի որ հետը տեսակցելու առիթը չէր ունեցած։

Եվ ահա հիմա հանկարծ Խոսրով էֆենտի իր դեմը կցցվեր, իր հանգիստը խռովելու համար։

Անշուշտ, դեռ ոչ մի փաստացի ապացույց ուներ իր կնոջ դեմ։ Կրնար ըլլալ, որ շաքարավաճառի խանութին մեջ այդ հանդիպումը բոլորովին դիպվածական էր, բայց հակառակն ալ հավանական էր, որ թերևս Շազիկի ենթադրությունները ճիշտ էին… Այս մտածումը ահա ժամերե ի վեր կտանջեր Մարգար էֆենտին։ Ինչպե՞ս կարելի էր հասկնալ ճշմարտությունը․․․

Մինչև իրիկուն վաճառականը այս մտատանջություններուն մեջ տապլտկեցավ։ Փոքրիկ անհանգստություն մը պատրվակելով սովորականեն ալ կանուխ մեկնեցավ գրասենյակեն և ուղղակի տուն գնաց։ Կինը դուրս ելած էր։ Այս պարագան ավելի սաստկացուց իր դժկամությունը։ Սպասուհին հարցուփորձեց հասկնալու համար թե ո՞ւր կրնար գացած ըլլալ։

− Չեմ գիտեր, հանըմս բան մը չըսավ,– պատասխանեց այո վերջինը։

− Ամեն բան գիտե, բայց պատվեր ստացած է բան մը չըսելու,− մտածեց Մարգար էֆենտի։

Ժամ մը ետքը տիկին Սաթեն եկավ։

− Ո՞ւր էիր մինչև հիմա,− գոչեց ամուսինը։

− Մեկ երկու այցելություն ըրի։

− Որո՞նց…

− Տիկին Նվարդին, տիկին Մաքրուհիին… ի՞նչ կա որ․․․ դուն ինչո՞ւ կանուխ եկեր ես։

− Զարմանալի բան, իրավունք չունի՞մ ուզած ատենս տուն գալու,− գոչեց վաճառականը բարկությամբ։