Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Տիկին Գոհարիկին հետ առաջին անգամ գացի այդ խանութը և շատ գոհ մնացի։

Ճանըմ, Բերայի մեջ ուրիշ խանութ չի կա չէ յա, զարմանալի բան, ուրիշ տեղ մը գնա թեյ խմե։

− Անցած շաբաթ օր գացի նե՝ շատ շնորհքով կնիկներ ու մարդիկ նստած էին։

− Ճանչվոր մեկը տեսա՞ր,− հարցուց ամուսինը։

− Հապա, Խոս…

Տիկին Սաթեն հանկարծ կեցավ ու խոսքը չավարտեց, զգաց, որ Խոսրով էֆենտիի հիշատակությունը փոխանակ արդարացում մը ըլլալու, ավելի պիտի կնճռոտե խնդիրը։ Մարգար էֆենտի տեսավ կնոջ վարանումը և ըսավ.

− Ո՞վ տեսար, ըսիր…

Ճանըմ, մեյ մըն ալ ոտքս չեմ կոխեր այդ խանութը, լմնցավ, գնաց, ատոր համար խոսիլ չարժեր,− պատասխանեց տիկին Սաթեն, այս կերպով խույս տալով ուղղակի էրկանը հարցումին պատասխանելու փորձութենեն։

Բայց վաճառականը չգոհացավ այս պատասխանով։

− Ծանոթներ կային ըսիր, ո՞րոնք էին,− պնդեց։

− Ես ատանկ բան չըսի… մեյ մըն ալ չեմ երթար ըսի, արդեն անցած օր ալ դիպվածով հոն մտա… ես միտքս դրել էի Թոքաթլյանին երթալու, տալմիշ եղեր անցեր էի․ չուզեցի վերադառնալ մինչև հոն… Ալ գոցե՛ սա խոսքերը, սընըրիս կդպչի կոր… թերթին մեջ բան մը կա՞։

− Բան չի կա, − պատասխանեց Մարգար էֆենտի, որ տեսավ, թե չպիտի կրնար կինը իր ուզած կերպովը խոսեցունել։

Բայց Սաթենի վարանումը ճիշտ այն րոպեին, ուր անուն մը պիտի արտասաներ, ալ ավելի սաստկացուց իր կասկածները։ Իր ներքին հուզումը ծածկելու համար կրկին առավ թերթը և կարդալ կեղծեց։

Ժամեն ավելի մնաց այսպես թերթը ձեռքին մեջ, մինչև որ կինը «գիշեր բարի» ըսավ ու ննջասենյակ քաշվեցավ։

Վաճառականը երկար ատեն ժուռ եկավ սենյակին մեջ, անընդհատ ծխելով։ Անհամբեր կսպասեր հետևյալ օրվան, որպեսզի իր կինը հետապնդեր։ Միջոցներ խորհեցավ այդ հետապնդումը աննշմար կերպով ու հաջող պայմաններու մեջ կատարելու համար ու վերջապես, կեսգիշերեն ետքը, գնաց հանգստանալու։