− Քովինը տիկին Նվարդն է, իր բարեկամուհին,− ավելցուց վաճառականը,− շուտ ետևեն գնա ու հետքերնին մի կորսնցներ․․․ Պատվերներս չմոռնաս… իրիկունը գրասենյակը քեզի կսպասեմ։
− Բնավ հոգ մի ըներ, ամեն բան տեղն ի տեղոք պիտի կատարեմ,− ըսավ երիտասարդը և հեռացավ։
Երբ Սաթեն, Նվարդ և Աբգար աներևույթ եղան՝ վաճառականը Թյունել ուղղվեցավ ու Ղալաթիա իջնելով՝ իր գրասենյակը գնաց։
− Սա Աբգարը աղեկ միտքս եկավ,− կմտածեր,− իրմե զատ մեկու մը չէի կրնար բացվիլ, այս տղան շան պես հավատարիմ է ինծի, ասկե զատ աչքը բաց ու ճարպիկ ալ է։
Հակառակ իր այս գյուտին՝ վաճառականը իր հանգիստը չէր գտած և մինչև իրիկուն ջղագրգիռ վիճակի մը մատնված էր։
Ի՞նչ պիտի իմանար արդյոք, երբոր Աբգարը իր տեղեկատվությունը ըներ։ Սաթենի անհավատարմությունը պիտի ապացուցվե՞ր, թե անմեղությունը երևան պիտի գար։
− Բայց եթե նույնիսկ այսօր Աբգար կասկածելի բան մը չտեսնե, նորեն ապահով չեմ կրնար ըլլալ,− կմտածեր վաճառականը, որովհետև կրնա ըլլալ, որ ժամադրությունը,− եթե երբեք ժամադրություն մը կա Խոսրով էֆ.-ի հետ − ուրիշ օրվան համար է․․․ այն ատեն հսկողությունը պետք է վերսկսիլ, հետապնդումը շարունակել, բայց մինչև ե՞րբ։
Այս անորոշությունը զինքը կխռովեր ամենեն ավելի։
− Ինչպե՞ս ժամանակ անցուցիր տեսնենք Բերա,− հարցուց Մարգար էֆենտի իր կնոջը, երբ իրիկվան կերակուրեն ետք, վերի սենյակը սուրճ կխմեին։
− Աղեկ… քանի մը այցելություն տվի, հետո կոշկակարիս գացի, մեկ երկու մանր գնումներ ըրի ու արդեն իրիկուն եղավ։
− Գոհարիկ հանըմին գացի՞ր…
− Այո՛, հետո միասին տիկին Մաննիկին գացինք…
− Ինչպե՞ս է, աղե՞կ է տիկին Մաննիկը։
− Շատ աղեկ է…
− Անկե՞ ետքը կոշկակարիդ գացիր։
− Այո՛, կրնա՞մ այս հարցաքննության պատճառը հարցնել։