Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շուրջի սեղաններուն քով ճաշողները մեկնած էին և ոչ ոք նշմարեց իր այս ներքին խռովքը։ Ընթերցումը ավարտելե ետքը, բարկությամբ նամակը ծալեց ու գրպանը դրավ, ձեռագիրը պահ մը քննելե ետքը։

Ահավասիկ նամակին պարունակությունը։

«Ազնվաշուք Պողոս էֆենտի,

«Իբրև անկեղծ բարեկամ և ձեր ընտանեկան պատիվին նախանձախնդիր անձ մը, հարկ կզգամ ձեզ իմացնելու, որ ձեր կինը անհավատարմության ճամփուն մեջ է։ Երբեք չպիտի ուզեի պարզ կասկածի մը վրա այսպիսի ամբաստանություն մը ընել. բայց ափսո՜ս, իրողությունը բացարձակ ճշմարտություն է և կրնամ ըսել, թե ես աչքովս իսկ տեսած եմ զայն։ Եթե դուք ալ կուզեք ականատես ըլլալ ձեր կնոջ անհավատարմական ընթացքին՝ այսօր, հինգշաբթի, ժամը երկուքին, գացեք Բերա Ասմալը Մեսճիտ փողոցը գտնվող Բ. Բասաժը և հոն 5 թիվ դուռը զարկեք և պարոն Աբգարը հարցուցեք։

«Վստահ եղեք, որ այս կերպով ամեն բան պիտի իմանաք և միևնույն ատեն թերևս միջոց մը պիտի գտնեք ձեր ընտանեկան պատիվը փրկելու։

«Չմոռնամ ըսելու, որ տակավին ոչ ոք գիտե ձեր գլխուն եկած փորձանքը, սակայն եթե այսպես շարունակվի՝ օր մը անշուշտ ամեն բան երևան պիտի ելլե և այն ատեն ձեր պատիվը բոլորովին արատավորվի։

«Ձեզ սիրող և հարգող բարեկամ մը, որ ստիպված է իր անունը առայժմ ծածկել, այդ դառն իրողությունը պետք տեսած է հաղորդել ձեզի»։

Նամակը ոևէ ստորագրություն չէր կրեր և ոչ իսկ կեղծ անուն մը։ Պողոս էֆենտի իզուր նամակը կրկին գրպանեն հանեց և մանրակրկիտ կերպով գիրը զննեց, չկրցավ բան մը հասկնալ։

− Խա՞ղ մըն էր արդյոք,− մտածեց,− թշնամական բա՞ն մը, առանց ոևէ հիման, պարզապես զիս գրգռելու համար…

Այս մտածումը զինքը պահ մը հանդարտեցուց։ Պողոս էֆենտի, մինչև այդ օր պատճառ չէր ունեցած կասկածելու իր կնոջ անհավատարմության մասին։ Բայց իր հանդարտությունը երկար չտևեց։

− Նամակը շատ որոշ գրված էր,− մտածեց,− նույնիսկ ցույց