Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ միջոց մը կա Տիրանին լեզուն բերանը գոցելու, կմտածեր, այն է՝ զինքը դարձյալ իր պաշտոնին մեջ պահել։

Այս բանը անշուշտ շատ ծանր կուգար իրեն, և նախ՝ իբրև անկարելի նկատեց, բայց հետո կամաց−կամաց ընտելացավ այս գաղափարին։

Եթե զինքը ճամփեմ, առանց իր գործին մեջ որոշ հանցանք մը ըլլալու, խորհեցավ, ամենուն և մանավանդ իմ մյուս պաշտոնյաներուս ուշադրությունը պիտի գրավե և ով գիտե ինչ մեկնություններ պիտի տան։

Մյուս կողմե Տիրան, որպեսզի իր հավատարմության մասին կասկածներ չըլլան, թերևս պիտի ուզե բուն իրողությունը ըսել, ցույց տալու համար, թե բոլորովին տարբեր պատճառով մը ճամփված է քովեն․․․

Այս մտածումներով տոգորված Պողոս էֆ. մեկնեցավ գրասենյակեն և դեպի տուն դիմեց։

Երբ հասավ իր բնակարանը, առաջին անգամ կինը հարցուց իր սպասուհիին։

− Հանըմս քիչ մը անհանգիստ էր, պառկեցավ,− պատասխանեց սպասուհին,– և ըսավ, որ կերակուր չպիտի ուտե։

− Ի՞նչ ունի,– հարցուց Պողոս էֆ.։

− Գլուխը կցավի կոր…

Արդարև Շազիկ իր կրած հուզումներեն քիչ մը հիվանդացած էր և տուն հասնելեն ետքը սենյակը քաշված ու անկողին մտած էր։

Պողոս էֆենտի գոհ եղավ կնոջը այս անհանգստութենեն։ Անոր հետ երես առ երես գտնվիլը շատ ախորժելի չպիտի ըլլար այս միջոցիս։ Մանավանդ որ կվախնար թե՝ իր պաղարյունությունը չպիտի կրնար պահել ու անախորժ տեսարաններ պիտի պատահեին տան մեջ։

Առանձին ճաշեց և հետո, իր սովորության համեմատ, սկսավ օրվա թերթը աչքե անցանել։

Այս ընթերցումի մեջ թաղված էր, երբ սենյակին դուռը բացվեցավ և ներս մտավ Մկրտիչ աղա, Թաղական Խորհրդի իր պաշտոնակիցը։ Պողոս էֆենտի թերթը մեկ կողմ դրավ իր բարեկամը ողջունելու համար։

− Բարի եկաք, հրամմեցե՛ք, նստեցե՛ք,– ըսավ թիկնաթոռ մը ցույց տալով։