− Տղա մի ըլլար, քա՛ աղջիկ, պելայի մելայի բան չի կա… այս գործեն քեզի պոլ-պոլ փարա պիտի գա, ըլլալիք սա է: Աս իրիկուն եթե ըսածիս պես Պողոս էֆ-ին պատմես, ոսկի մի ինե գիտցիր, էֆ-են առնելիքդ ալ զատ։
Այս հեռապատկերը ցրեց սպասուհիին բոլոր վարանումները։
− Իրիկունը գործս լմնցնելուս պես կուգամ,− ըսավ։
− Ըսածներս աղեկ միտքդ պահե:
− Մեկիկ-մեկիկ միտքս են,– հաստատեց Սուրբիկ և կրկին խոստանալով հավատարմաբար կատարել ստացած հրահանգները, մեկնեցավ տիկին Շազիկի քովեն։
Պողոս էֆ. իրիկունը երբ վերադարձավ, առաջին գործը եղավ կնոջը հարցնել։
− Սուրբիկին լուր ղրկեցի՞ր։
− Ղրկեցի՞,− պատասխանեց Շազիկ,− գործը լմնցնելե ետքը պիտի գա եղեր։
− Դուն զինքը մեյ մը չտեսա՞ր։
− Չէ՜, ի՞նչ տեսնեմ, քանի որ իրիկունը պիտի գա… ես արդեն ատանկ սպասուհիները դեմս առնել խոսեցնելը չեմ սիրեր։
Պողոս էֆ. գոհ մնաց, որ կինը նախապես չէր տեսնված Սուրբիկին հետ, կկարծեր, որ թերևս անոր թելադրանքներ ըներ ու Սուրբիկ անոնց ազդեցության ներքև ճշմարտությունը խեղաթյուրեր։ Շազիկի ամուսինը առտըվնե մինչև իրիկուն իր վրեժխնդրական ծրագիրներուն վրա մտածած էր։ Եթե կարենար փաստացի ապացույց մը ձեռք բերել Սաթենի կամ Մարգար էֆ-ի դեմ, իր վրեժը լուծած պիտի ըլլար, և անոր հետ մեկտեղ իր անունին վրա բերած արատը մաքրած, գոնե ինքը այսպես կհավատար։ Եթե Մարգար էֆ. ճիշտ իր վիճակին ենթարկվեր՝ այլևս իրարմե տարբերություն չպիտի ունենային և ասոր մեջ կգտներ իր արժանապատվության գոհացումը։
Իր խոստման հավատարիմ՝ Սուրբիկ գիշերը եկավ։ Շազիկ միջոցը գտավ րոպե մը առանձին գտնվելու սպասուհիին հետ և անոր ականջին փսփսաց.
− Էրկանս մի ըսեր, որ ցերեկը մեյ մը եկար ու միասին տեսնվեցանք… ըսածներս չի մոռնաս։
Եվ միևնույն ատեն ոսկի մը սահեցուց Սուրբիկի ձեռքը։
Երբ սպասուհին ներկայացավ Պողոս էֆենտիին, այս վերջինս դժնդակ կացության մը մատնվեցավ։ Չէր գիտեր ինչպե՞ս հարցուփորձը