Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեր: Բացորոշաբար կզգար իր կատարելիք դերին պժգալի հանգամանքը և այս պատճառավ համարձակությունը կպակսեր:

− Գիտե՞ս քեզ ինչու համար հոս կանչեցի,− ըսավ Պողոս էֆենտի:

− Ի՞նչ գիտնամ, էֆենտի,− պատասխանեց Սուրբիկ սմսեղուկ դեմքով մը։

− Թող տիկինը բացատրե,− ըսավ Պողոս էֆենտի Շազիկը ցույց տալով։

− Ես ի՞նչ պիտի բացատրեմ, դուն ըսե ըսելիքդ,− պատասխանեց այս վերջինը։

− Դուն ավելի աղեկ գիտես ըսելիքդ, քանի որ արդեն խնդիրը բացեր ես ուրիշ անգամ…

Շազիկ ավելի հանդուգն, քան իր ամուսինը, Սուրբիկին դարձավ ու ըսավ.

− Աղջիկս, քեզի բերել տվինք, որպեսզի սա Մարգար էֆենտիին ու տիկին Սաթենին վրա գիտցածներդ ըսես։ Անցածները բաներ մը կպատմեիր կոր, աղեկ մը միտքս չմնաց, հիմա սանկ տեղն ի տեղոք պատմե տեսնանք։ Եթե ուզածիս պես պատմես՝ Պողոս էֆենտի քեզ աղվոր նվեր մը պիտի տա… անանկ չէ՞, Պողո՛ս էֆենտի:

− Արդեն պատրաստեր եմ,− պատասխանեց վաճառականը գրպանեն ոսկի մը հանելով ու քովը գտնված սեղանին վրա դնելով:

Սուրբիկի աչքերը շողշողացին, առտվընե ի վեր արդեն նվերներ ընդունած էր ու ահա հիմա երրորդ անգամ ըլլալով ոսկի մըն ալ պիտի առներ։

− Գիտցածս մեծ բան մը չէ, բայց պատմեմ,− ըսավ։

− Միայն թե ճիշտ ու ճիշտ պատմես ամեն բան, առանց քովեդ բաներ ավելցնելու,− դիտել տվավ Պողոս էֆենտի։

− Ավելի աղեկ կըլլա, որ ես հարցնեմ, դուն պատասխանես ու Պողոս էֆենտին ալ մտիկ ընե,− առաջարկեց Շազիկ։

Հարցուփորձը սկսավ և Սուրբիկ կետ առ կետ կրկնեց ինչ որ ցերեկը իրեն տոն տված էր Շազիկ։

Պողոս էֆենտի աչք ու ականջ կտրած կհետևեր Սուրբիկի խոսքերուն ու չէր կրնար իր ուրախությունը զսպել։