կուզե Մարգար էֆենտին թաղական ըլլա, կուզե Պողոս էֆենտին, երկուքին ալ խերն անիծեմ… ես իբրև ուսուցիչ իմ գործիս նայելու էի… ա՜խ, այդ «Շանթ Ակումբ»-ի անդամակցությունս է, որ զիս շվարեցուց և այսպես պայքարի մեջ մտցուց… Սուսերյանցի խոսքերը միտքս խանգարեցին։ Ես առաջ ատանկ բաներով չէի զբաղեր, միմիայն գործս կնայեի, թաղականը ով կուզե թող ան ալ ըլլար, բավ է, որ ամսականս կանոնավոր կվճարվեր…
Այս մտածումները հետզհետե կբորբոքեին զինքը։ Կամաց-կամաց սկսեց ատելություն մը զգալ իր երեկի գործակիցներուն հանդեպ։
− Մեյ մըն ալ ոտքս «Շանթ Ակումբ»-ը չպիտի դնեմ,− վճռեց։
Բայց այսչափով ալ չգոհացավ։
− Անդամակցութենե պիտի հրաժարիմ,− ըսավ ինքնին։
Այս որոշումը զինքը սփոփեց քիչ մը։
− Անմիջապես հրաժարականս գրեմ,− մտածեց և իսկույն թուղթ գրիչ առնելով, մտածումը գործադրեց։
Հետո հրաժարագիրը պահարանի մեջ դրավ, վրան Սուսերյանցի անունը գրեց, ու գրպանը դնելով դուրս ելավ։
− Ընկեր Սուսերյանց ինչ պիտի ընե արդյոք, երբ նամակը կարդա,− կմտածեր,− երկինքեն ընկածի պես պիտի ըլլա․․․
«Շանթ Ակումբ»-ը հասնելով նամակը հանձնեց հոն գտնվող մանչու մը և հեռացավ։
Երբ փողոց ելավ, բոլորովին թեթևացած զգաց ինքը։
Կարծես կապանքե մը ազատած էր։
− Հիմա ինքզինքս գտա․․․ հիմա անկախ մարդ մըն եմ, իմ գլխովս կրնամ մտածել,− խորհեցավ։
Կիրակի օր մըն էր և թաղը սովորականեն ավելի ոգևորյալ կերպարանք մը առած էր։ Սրճարանները լեցուն էին ու ամեն մարդ օրվան մեծ դեպքին՝ Առժամյա Թաղ. Խորհրդի կազմության վրա կխոսեր։
Հա՞րկ է ըսել, որ մեծամասնությունը գոհ մնացած էր Վարչության որոշումեն։
Ուսուցիչը սրճարան մը մտավ։ Իր մուտքը հեգնական ողջույններով ընդունվեցավ։
− Աչքդ լո՜ւյս,– գոլեց մեկը։
− Առի՞ք մի հիմա,− ըսավ ուրիշ մը։
− «Շանթ Ակումբ»-ը ի՞նչ ջուրի մեջ է,– հարցուց երրորդ մը։